Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է գալիս կոշտ հայտարարությամբ


Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եւ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի է ունեցել կազմակերպված քաղաքական հեղաշրջում: Սակայն հանրապետության նախագահը՝ ի հեճուկս հասարակական կարծիքի, շրջանառու դարձրեց ոճրագործների ինքնուրույն գործելու վարկածը: Իշխանությունների այս տեսակետը կողմնորոշիչ դարձավ նախաքննությունն իրականացնող մարմնի, պետական կառույցների, դատարանի, մի շարք լրատվամիջոցների համար»:

Դրա արդյունքում, շարունակում են հայտարարության հեղինակները, նախաքննության վերջին փուլում կարճվեցին քրեական գործերը մի շարք մեղադրյալների հանդեպ, որոնք նախագահի քաղաքական շրջապատում են կամ հարում են այդ շրջապատին, դատավարությունը պարբերաբար ուղղորդվում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով եւ միջամտություններով, իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները ակնհայտ քարոզչություն են սկսել Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, մյուս նահատակների հիշատակի դեմ՝ քննադատության թիրախ դարձնելով ոճրագործության համապարփակ բացահայտում պահանջող քաղաքական ուժերին:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ անվտանգության մարմինների հետ բացահայտ կապ ունեցող Ն. Հունանյանին բացառապես ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահելու իշխանության վարքագիծը խորացնում է կասկածները՝ ոճրագործներին ցուցաբերվող հնարավոր անօրինական օժանդակության ցուցաբերման հարցում: Իսկ մայիսի 20-ին դատարանի դահլիճից «Հոկտեմբերի 27»-ի գործով վեց ամբաստանյալների ազատ արձակումը վերջնականապես փաստեց, ըստ հայտարարության հեղինակների, որ գործադիր իշխանությունները, համաներման հումանիստական նախաձեռնությունն անգամ օգտագործելով դատավարությունը նախանշված սցենարով իրագործելու նպատակով եւ շարքային համարելով պետականության դեմ ուղղված հանցագործությունը, խոչընդոտում են ոճրագործության լիարժեք բացահայմանն ու հետեւաբար՝ խորացնում են քաղաքական հեղաշրջման հետեւանքները:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության, ներկա իշխանություններն անկարող են երաշխավորել երկրի անվտանգությունն ու ապագան , այդ պատճառով Հայաստանում պետք է ձեւավորվեն նոր, օրինական իշխանություններ»:

Հայաստանի նախագահն ու նրա կողմնակիցները բազմիցս հերքել են արդեն վաղուց շրջանառվող նման բոլոր մեղադրանքները:

Լեոնիդ Զիլֆուղարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG