Մատչելիության հղումներ

Սեփականաշնորհումը Հայաստանում «առաջ է ընթանում»


Բաշխիչ էլեկտրացանցերի միջազգային մրցույթի տապալումը կարող էր արգելակել Հայաստանի տասնամյա սեփականաշնորհման գործընթացը: Դա, սակայն, կարծես թե, չի անդրադարձել մոտ մեկ տարի առաջ մասնավորեցման հանված 14 խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացի վրա: Այդ գործընթացն առաջ է շարժվում, եւ կառավարության պաշտոնատարները հույս են հայտնում, որ այն ամբողջությամբ կավարտվի մինչեւ տարեվերջ՝ ընդլայնելով Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածը:

«Թեեւ որոշ դանդաղկոտությամբ, բայց շարժվում ենք առաջ եւ հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ այս ձեռնարկությունների ճնշող մեծամասնության մասնավորեցման վերաբերյալ կառավարության կողմից որոշումներ կընդունվեն», - ասում է պետական գույքի կառավարման փոխնախարար Աշոտ Մարկոսյանը:

Նրա ասելով, ցուցակում ընդգրկված ձեռնարկություններից 7-ն արդեն մասնավորեցվել են։ Այդ թվում՝ Երեւանի ոսկերչական եւ Հրազդանի ցեմենտի գործարանները: Մնացած ձեռնարկությունների մասնավորեցման մրցույթներն ընթացքի մեջ են: Ըստ պաշտոնատարների, օտարերկրացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում առնվազն երեք պետական գործարանների նկատմամբ՝ թարկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, ցեմենտի եւ էլեկտրոնային սարքերի:

Երեւանում գտնվող «Մարս» էլեկտոնային գործարանը կառուցվել ու կահավորվել է խորհրդային վերջին տարիների ամենաժամանակակից սարքավորումներով: ործարանը լրիվ հզորությամբ երբեք չի աշխատել մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը խորհրդային կայսրության փլուզումն էր: ործարանը փորձել է գոյատեւել իր տարածքների մի մասը վարձակալության տալով հայ-շվեյցարական համատեղ մի ձեռնարկության եւ դեղագործական մի ընկերության, որի սեփականատերերից է լաքսո Ուելքամը:

«Մարս»-ին հավակնում են մեկ տեղական եւ 2 բրիտանական ընկերություններ, որոնցից մեկը պատկանում է լոնդոնաբնակ հայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին: Կառավարության հանձնաժողովը վերջերս երկարաձգել է հայտերի ներկայացման ժամկետը մինչեւ սեպտեմբեր:

Օտարերկրյա հետաքրքրություն է հարուցում նաեւ Արարատի ցեմենտի գործարանը: Սրա պոտենցիալ գնորդներից է շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը: Աշոտ Մարկոսյանի խոսքերով, «Արարատ-ցեմենտ»-ի նոր տիրոջ անունը հայտնի կդառնա առաջիկա ամիսների ընթացքում:

Նշանակալի է նաեւ «Հայոսկի» հայ-հնդկական համատեղ ձեռնարկության իր բաժնեմասի 50 տոկոսը վաճառելու կառավարության որոշումը: Ըստ Աշոտ Մարկոսյանի, կառավարության հնդկական գործընկերը առաջիկա շաբաթվա ընթացքում հայտնելու է իր որոշման մասին: Կառավարության բաժնեմասը գնելու դեպքում հնդկական ընկերությունը կտնօրինի «Հայոսկու» 100 տոկոսին: Եթե ոչ՝ կառավարությունն իր բաժնեմասը կվաճառի ամենաբարձր գին առաջարկող այլ հայտատուի:

Հայաստանի զանգվածային լրատվության միջոցները պատրաստակամությամբ տեղ են հատկացնում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնք քննադատում են կառավարությանը էներգետիկ հատվածը սեփականաշնորհելու ծրագրերի համար: Ուստի դժվար է ակնկալել, որ առաջիկա գործարքների կնքումը հավանության կարժանանա մամուլում:

Վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի որոշ լրատվամիջոցներ իրենց դերն ունեցան ապրիլին ԲԷՑ-երի սեփականաշնորհման տապալման գործում: Պետական գույքի կառավարումը տնօրինող պաշտոնյաներն ասում են, որ գործարանների տնօրենները միտումնավոր կերպով իրենց աշխատողներին ահաբեկում են սեփականաշնորհմամբ՝ ձեռնարկությունն իրենց վերահսկողության տակ պահելու նպատակով:

Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ սեփականաշնորհվելիք ձեռնարկություններից մի քանիսը ղեկավարում են իշխանությունների նկատմամբ համակրանք չտածող հայտնի քաղաքական գործիչներ: Օրինակ, Արարատի ցեմենտի գործարանի գործադիր տնօրենը նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է, որն այժմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից է, իսկ «Մարս»-ի տնօրենը Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է:

Որոշ դիտորդների կարծիքոն, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզում է զրկել նրանց տնտեսական հիմքից՝ ապահովելու համար իր վերընտրությունը 2003 թվականին: Ամեն դեպքում, այդ ձեռնարկությունների մասնավորեցումը զերծը չի մնա քաղաքական երանգներից:

Առաջին նախազգուշացումը հնչեց այս ամսվա սկզբին, երբ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին ու շվեյցարական «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչներին Արարատ-ցեմենտի բանվորները թույլ չէին տվել մտնել գործարանի տարածք: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ օրերին բացակայում էր հանրապետությունից եւ մինչեւ օրս խուսափել է մեկնաբանել այդ փաստը:

Սեփականաշնորհման գործընթացի առջեւ կանգնած հիմնախնդիրները գալիս են դեռեւս 1990-ականների սկզբի փլուզման հետեւանք հանդիսացող Հայաստանի տնտեսության վիճակից: Ըստ Աշոտ Մարկոսյանի, մնացած պետական ձեռնարկությունները դժվար է վաճառել, քանի որ դրանք մեծ պարտքեր են կուտակել, ունեն հնացած սարքավորումներ եւ զրկվել են նախկին խորհրդային տարածքում իրենց ավանդական շուկաներից: Պետական մոտ 1200 միջին եւ փոքր ձեռնարկություններ մինչեւ այժմ չեն հրապուրում գնորդներին:

Նշված 14 խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո, կառավարությունը սեփակնաշնորհելու շատ բան չի մնա՝ բացի էներգետիկ հատվածից: Մասնավոր հատվածն արդեն տալիս է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 75 տոկոսը: Արեւմտյան դոնորներն ասում են, որ տնտեսական բարեփոխումներն այժմ պիտի կենտրոնանան Հայաստանի գործարար մթնոլորտի բարելավման վրա, ինչը ենթադրում է օրենքի գերիշխանության ապահովում եւ պայքար կոռուպցիայի դեմ:


Էմիլ Դանիելյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG