Մատչելիության հղումներ

Կապի նախարարությունն ու «ԱրմենՏել»-ը մշակում են նոր սակագներ


«Այսօրվանից աշխատում է առանձին հանձնաժողով՝ ստեղծված նախարարության եւ «ԱրմենՏել»-ի մասնագետներից, եւ մշակում է նոր սակագնային քաղաքականություն: Այդտեղ մտնում են բոլոր սակագները՝ հեռախոսային խոսակցություններից սկսած մինչեւ բջջային հեռախոսներ եւ Ինտերնետ կապ: Մեկ ամսից կլինեն նոր սակագներ եւ նոր սակագնային քաղաքականություն», - կապի ոլորտում կառավարության գործուենությունն ուսումնասիրող խորհրդարնական ժամանակավոր հանձնաժողովի այսօր երեկոյան կայացած առաջին նիստում ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն ասաց նաեւ, որ րոպեավճարը այս տարի, հնարավոր է, չկիրառվի, իսկ Ինտերնետի սակագները կիջնեն:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, չնայած այս տեղեկությունից առաջ արդեն նախանշել էր, թե հանձնաժողովն ինչ կոնկրետ ուղղություններով է աշխատելու, նախարարի հայտարարությունից հետո ասաց. «Մենաշնորհը տալուց հետո, երբ ստիպված ես անընդհատ վերահսկել... դա նոր կաշառակերության տեղ է առաջացնելու: Երեւի ճիշտը մոնոպոլիայից ազատվելն է: Մոնոպոլիայից ազատվելու երկու ձեւ կա. մեկը՝ դրա համապատասխանությունը միջազգային օրենքներին, նաեւ Եվրամիության օրենքներին, եւ երկրորդը՝ վերջիվերջո, մենաշնորհը պարտադիր չէ օրենքով խլել դիմացինից, կարելի է պարտադրել, որ վաճառի»:

Ամեն դեպքում, Վազգեն Մանուկյանն ուրվագծեց, որ հանձնաժողովն իր աշխատանքը զրոյից չի սկսելու: Ի թիվս այլ նյութերի, հանձնաժողովի տրամադրության տակ է նաեւ նախագահին առընթեր գործած՝ «ԱրմենՏել»-ի հանձնաժողովի բազմահատոր ուսումնասիրությունը՝ եզրակացություններով: Դավիթ Վարդանյանի ղեկավարած այդ հանձնաժողովն ուսումնասիրել էր, թե արդյո՞ք «ԱրմենՏել»-ի ստեղծումն ու գործունեությունը համապատասխանում են Հայաստանի օրենսդրությանն ու կառավարության որոշումներին: Ուսումնասիրությունն ընդգրկել էր 1990թ. Էյ-Թի-Թի֊ի հետ կնքած պայմանագրից մինչեւ 1998թ. «ԱրմենՏել»-ի գործունեությունը եւ հանգել էր, օրինակ, այսպիսի եզրակացության՝ այդ ընթացքում միայն Թի-Դաբլյու-Թի օֆշորային ընկերությունը 62 մլն դոլարի վնաս է հասցրել Հայաստանին:

Բացի այս նյութերից, հանձնաժողովը կստանա նաեւ ներկայումս կառավարությունում՝ Երվանդ Զախարյանի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները:

Հունիսի 15-ին «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեորգիուլասը հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 1-ից րոպեավճարը ներդրվելու իրենց որոշման մասին: Րոպեավճարի կիրառմանը Հայաստանում դեմ են ինչպես կառավարությունն, այնպես էլ հանրային կարծիքը:


Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG