Մատչելիության հղումներ

Ազնավուրը նկարահանվում է Պրահայում




Աշխաչհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Անավուրը այս օրերին Պրահայում է: Չեխական մամուլը նշում է, որ Ազնավուրը անցած չորեքշաբթի ժամանել է Պրահա՝ ֆրանսիական «Անգելինա» կինոնկարում նկարահանվելու նպատակով: Կինոնկարը նկարահանվում է «Բարանդով» կինոստուդիայում:

«Հիլթոն» հյուրանոցի ղեկավարներին երգիչը խնդրել էր չհրապարակել իր Պրահայում գտնվելու լուրը: Լուրը տարածվել է միայն այն բանից հետո, երբ վատառողջ Ազնավուրը հայտնվել է չեխ բժիշկների հսկողության ներքո: Ըստ «Հիլթոն»-ի մամուլի ծառայության ղեկավար Թերեզա Ուրբանկովայի, 77 ամյա երգչի առողջական վիճակը վատացել էր կիրակի օրը: «Հրավիրված բժիշկը գրիպ է արձանագրել եւ դեղեր է նշանակել: Հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա: Հիմա նա արդեն կազդուրվում է եւ վերսկսել է նկարահանումները»,- տեղեկացրել է Ուրբանկովան:

Պրահայում բոլորովին վերջերս ցուցադրվել է Շալ Ազնավուրի մասնակցությամբ «Ճշմարտություն Չարլիի մասին» կինոնկարը: Ուշագրավ է, որ այդ ֆիլմը ժամանակին ամերիկացի կինոբեմադրիչ Ջոնաթան Դեմմեն նկարահանել էր Փարիզում՝ Չեխիայի դեսպանատան շենքում:

Չեխիայում անվանի աստղերի ելույթների կազմակերպմամբ զբաղվող Պրագոկոնցերտ ընկերության պաշտոնյա Իվո Լետովն ասել է, թե, հաշվի առնելով երգչի պատկառելի տարիքը, կարելի է ենթադրել, որ նա հազիվ թե համերգ տա Պրահայում:

Այստեղ Ազնավուրի համերգ է ծրագրված եղել 1969 թվականի հունվարին, սակայն այն օրերին Պրահան հրաժեշտ էր տալիս ուսանողական շարժման առաջնորդ Յան Պալախին, որը բողոքելով 1968 թվականի օգոստոսին խորհրդային զորքերի ներխուժման դեմ, ինքն իրեն հրկիզել էր Պրահայի Վացլավի հրապարակում: Տեղեկանալով կատարվածի մասին, Ազնավուրը չեղյալ էր հայտարարել համերգը եւ այցելելով Կարլովի համալսարան, իր հարգանքի տուրքն էր մատուցել չեխ ուսանողի հիշատակին՝ մի քանի րոպե լուռ կանգնելով նրա դագաղի մոտ:

Չեխ անվանի լուսանկարիչ Պավել Վախան հիշում է, որ, խոսելով Յան Պալախի ինքնահրկիզման մասին, Ազնավուրը ցածր ձայնով ասել է. «Ինձ թվում է, որ ես հասկանում եմ այդ անհասկանալի թվացող արարքը: Ես կիսում եմ ձեզ հետ այս խորը վիշտը: Չմոռանաք, որ ես հայ եմ, թեպետ Փարիզում եմ ապրում: Մեր ազգն էլ գիտի այս ցավը, գիտի, թե ինչ է նշանակում ամբողջատիրական անիծյալ համակարգը եւ օտարի իշխանությունը»:


Արմեն Քոլոյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG