Իրավիճակը չափազանց հուսադրող էր, երբ միջազգային միջնորդներն ամփոփում էին ապրիլին Ֆլորիդայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների արդյունքները: Հակամարտող կողմերն անգամ ասում էին, որ տարիներ շարունակ փակուղի մտած բանակացությունները երբեք այդքան մոտ չէին եղել հաջողությանը:
Անսովոր լավատեսական մթնոլորտը, սակայն, տեղի տվեց անորոշության եւ անգամ հոռետեսության առջեւ, երբ միջազգային խաղաղարար ջանքերն առաջ մղող ֆրանսիացի, ռուսաստանցի եւ ամերիկացի բարձրաստիճան միջնորդները հետաձգեցին բանակցությունների հաջորդ, ըստ ակնկալիքների՝ վճռական փուլը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որ պիտի կայանար Ժնեւււմ հունիսի կեսերին, հետաձգվեց անորոշ ժամանակով՝ երկու երկրների ղեկավարներին փոխզիջումային լուծման նկատմամբ ներքին դիմադրությունը հաղթահարելու համար ժամանակ տրամադրելու պատճառաբանությամբ:
Սակայն Բաքվում եւ Երեւանում իրավիճակն այնքան էլ վատ չեն գնահատում, իսկ միջնորդներն էլ հավաստիացնում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցը մնում է օրակարգում՝ պնդելով, որ Ժնեւի հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե վերջին ամիսների ընթացքում ձեռք բերված առաջընթացը ի չիք է դարձել:
«Հիմքեր չկան կասկածելու, որ այս տարի պայմանավորվածություն չենք ունենա», - Երեւանում ասել է արեւմտյան մի դիվանագետ, ավելացնելով, թե ուղղակի բանակցությունները նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ կվերսկսվեն «մոտ ապագայում»:
Ֆլորիդայի բանակցություններից անմիջապես հետո խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ հատկապես լավատեսականորեն տրամադրված Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն այս ամսվա սկզբին հայտարարել էր, թե խաղաղ կարգավորման գործընթացն, իրոք, «մոտենում է ավարտին»: «Սխալ է կարծել, թե դա հարթ գործընքաց է: Այն շարունակում է արագանալ եւ արագանալու է մինչեւ վերջ», - ասել է Քավանոն հայ եւ ադրբեջանցի լրագրողներին Վաշինգտոնից տված հեռուստատեսային ասուլիսում:
Նրա ֆրանսիացի գործընկեր Ֆիլիպ Սյուրմենը մայիսի 28-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ կողմերն ու միջնորդների եռյակը «ճշգրտում են» ղարաբաղյան խաղաղ համաձայնագրի մանրամասները: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած չորեքշաբթի ասաց, որ գործընթացը «դեռ կենդանի է»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ անելով վերացնել Ժնեւի հանդիպման հետաձգմանը հանգեցրած «բարդությունները»:
Այդ «բարդություններն» ի հայտ եկան անցած ամիս համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Հստակ չէ, սակայն, թե ինչն էր պատճառը: Հայ պաշտոնատարներից ոմանք պնդում են, թե Ալիեւն անսպասելիորեն հրաժարվել է անցած ամիս Փարիզում եւ ապրիլին Ֆլորիդայում Քոչարյանի հետ ձեռք բերված համաձայնություններից: Ինչեւէ, Երեւանը խուսափում է բանակցությունների դադարի համար ուղղակիորեն Բաքվին մեղադրելուց, ասելով ընդամենը, որ դադարի պատճառը հայկական կողմը չէ:
Ադրբեջանցի պաշտոնյաներն, իրենց հերթին, ասել են, թե պատճառը հայկական կողմի «ոչ կառուցողական» դիրքորոշումն է: Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա նրանք չեն ուզում մեղադրել կողմերին:
Բանակցային գործընթացին ծանոթ արեւմտյան մի դիվանագետ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ «Քոչարյանին եւ Ալիեւին տնային աշխատանք կատարելու ժամանակ է տրված»: Քի Ուեսթից հետո Քոչարյանն ու Ալիեւը «մի փոքր մտահոգված էին, որ իրենց հասարակությունը պատրաստ չէ երկուստեք ընդունելի փոխզիջումային պայմանավորվածությանը: Երկու ժողովուրդներին մի փոքր ավելի ժամանակ էր անհրաժեշտ մարսելու եւ հասկանալու համար, թե ինչ է ներառում այդ պայմանավորվածությունը», - ասել է դիվանագետը:
Ղարաբաղի հարցը լայնորեն օգտագործվում է Ալիեւի եւ Քոչարյանի ընդդիմադիրների կողմից: Երկու ղեկավարներն էլ ավելի խոցելի կդառնան ընդդիմության հանդեպ, եթե շարունակեն պնդել խոշոր զիջումներ անելու անհրաժեշտության վրա:
Գրեթե կասկած չի հարուցում, որ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ որոշակի համաձայնություններ էին ձեռք բերվել: Միջնորդներին մոտ գտնվող աղբյուրը հայտնել էր, որ, այսպես կոչված, «փարիզյան սկզբունքները» դրվելու են Մինսկի խմբի խաղաղ կարգավորման նոր ծրագրի հիմքում: Այս սկզբունքների բովանդակությունը խիստ գաղտնի է պահվում:
Ըստ Վարդան Օսկանյանի, «փարիզյան սկզբունքները» համահունչ են հայկական կողմի դիրքորոշման 3 դրույթներին, որոնք ենթադրում են Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ իրավահավասարություն, Ղարաբաղի անվտանգության եւ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովում:
Սրանից ենթադրվում է, որ Բաքուն, ի պատասխան, պիտի պահանջի երաշխավորված ազատ միջանցք Նախիջեւանի հետ՝ Հայաստանի Մեղրու շրջանով: Դեռեւս պարզ չէ, թե դա Երեւանից կպահանջի՞, արդյոք, որոշակի զիջումներ անել ռազմավարական այդ տարածքում: Հարցը շատ նուրբ է եւ բորբոք վեճեր է հարուցում Հայաստանում: Ընդդիմությունը կտրականապես դեմ է Մեղրու հարցում ցանկացած զիջումների:
Ներկայումս հայ ղեկավարները լավատեսորեն են տրամադրված միջնորդների ապագա առաջարկների նկատմամբ: Ըստ Վարդան Օսկանյանի, երկու երկրների նախագահները «իսկապես լավ հիմք» են ստեղծել երկու տարում ունեցած 17 առանձնահանդիպումների ընթացքում:
Միաժամանակ, ըստ որոշ աղբյուրների, ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները պիտի «մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում որոշեն իրենց հետագա քայլերը: Մոտ ապագայում պարզ կդառնա, արդյո՞ք իրատեսական է նրանց այն հայտարարությունը, թե մինչեւ տարեվերջ կվերացնեն անկայունության հիմնական գործոնը Հարավային Կովկասում:
Էմիլ Դանիելյան՝ Երեւան