Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործը վերահսկող Աժ հանձնաժողովը խնդրում է տեղափոխել Հունանյանին


Անցած ամիս ստեղծված «Հոկտեմբերի 27»-ի գործով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշեց միջնորդել Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարան, դատավոր Սամվել Ուզունյանին՝ խնդրելով եւ առաջարկելով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ազգային անվտանգության մեկուսարանից տեղափոխել ներքին գործերի նախարարություն մեկուսարան: Որոշումը հիմնված է հանձնաժողովի երեկ ընդունած եզրակացության վրա, ըստ որի, Նաիրի Հունանյանը համագործակցել է ազգային անվտանգության նախարարության հետ, եւ նպատակահարմար չէ նրան այդ նախարարության մեկուսարանում պահելը:

Դատարանում տված ցուցմունքներում Հունանյանն ասել էր, որ ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչների հետ շփվել է 1998 թվականի վերջին, երբ հեռուստալրագրողական առաքելությամբ մեկնել էր Թուրքիա: Հունանյանի համագործակցությունը ազգային անվտանգության ծառայությունների հետ հաստատվել էր նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենքում իրականացված ահաբեկչության հետաքննության ժամանակ:

Եթե դատարանը հարգի հանձնաժողովի որոշումը եւ Հունանյանին տեղափոխի ներքին գործերի նախարարության մեկուսարան, ապա որեւէ միջադեպի (ընդհուպ մինչեւ Հունանյանի մահը) դեպքում, ըստ հանձնաժողովի փոխնախագահ ագիկ Կոստանդյանի, պատգամավորական հանձնաժողովը կկրի սոսկ բարոյական պատասխանատվություն, իրավական պատասխանատվությունը դատարանինն է:

Իսկ Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվող «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության ընթացքում հանցագործներին հարցաքննում էր մեղադրող կողմը: Հարցերը, հիմնականում, վերաբերում էին Հունանյանի մանկությանն ու երիտասարդությանը:


Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG