Ընդամենը այս տարվա մարտի վերջին Ավստիական ավիաուղիների բացած Երեւան - Վիեննա նոր չվերթի արդյունքներն այնքան գոհացուցիչ են, որ, ըստ այդ ավիաընկերության ղեկավարների, անհրաժեշտ է դարձել խտացնել չվացուցակը: Հունիսի 6-ից ի վեր Երեւանից Վիեննա է թռչում արդեն շաբաթական ոչ թե երկու, այլ երեք ինքնաթիռ։
Երեւանյան չվերթների շնորհիվ, ավստրիական ընկերությունն այս տարի, Հայկական ավիաուղիների համագործակցությամբ, ակնկալում է ունենալ մոտ 9 հազար ուղեւոր, հաջորդ տարի՝ արդեն 12 հազար։
Չվացուցակի խտացման առիթով Երեւան ժամանած Ավստրիական ավիաուղիների կառավարիչ Ռեհուլկան ասաց, որ արդեն շաբաթական երեք անգամ թռչող ինքնաթիռների միջին ծանրաբեռնվածությունը մոտ 55 տոկոս է, եւ այս չվերթների ծախսերը ընկերությունը առայժմ չի ծածկում, սակայն՝ 2002-ին արդեն ակնկալում են շահույթ ունենալ։
Ավստրիական ավիաուղիների Երեւանյան գրասենյակի գնային քաղաքականությունը առանձնապես չի տարբերվում Երեւանում արդեն գործող այլ հայտնի ընկերությունների գներից։ Այսպես, չնայած հեռավորության տարբերությանը, Ավստրիական ավիաուղիների Երեւան-Վիեննա-Երեւան տոմսն ընդամենը 10 դոլարով է էժան Սուիսէյրի՝ Երեւան-Ցյուրիխ-Երեւան տոմսից։
Չհամաձայնելով այն կարծիքին, թե նման գնային քաղաքականությունն այս ընկերություններին թելադրված է հայկական կողմից, Ավստրիական ավիաուղիների կառավարիչն ասաց, որ իրենց գները հաճախ տարբերվում են այլ ավիաընկերությունների գներից. «Օրինակ, մենք ավելի ցածր գին ենք առաջարկում ԱՄՆ-ից Երեւան գալու ցանկություն հայտնած սփյուռքահայերին»։
Ավստրիական ավիաուղիները սերտորեն համագործակցում է Հայկական ավիաուղիների հետ։ Այսպես, յուրաքանչյուր չվերթից Հայկական ավիաուղիները որոշակի քանակությամբ տեղեր են վերցնում եւ տոմսերը վաճառում ամբողջ աշխարհում: Կարելի է ենթադրել, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, նույնպես որոշ մասնակցություն ունենում է գնային քաղաքականության ձեւավորմանը։ Ավելին, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ միայն այս պայմանով է Հայկական ավիաուղիները համաձայնում համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ:
Աննա Սաղաբալյան՝ Երեւան