Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի նախագահը «Ռուսաստան-Բելառուս»-ին միանալու կոչ է անում Հայաստանին



Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը Ցեղասպանության թանգարանում:


«Ձեր որոշելիքն է, «Ռուսաստան-Բելառուս» միությունը բաց է: Ես գիտեմ, որ նման տրամադրություններ ձեզ մոտ էլ կան... Մենք այդ մասին խոսելու ենք ձեր վարչապետի հետ, իսկ կիրակի օրը՝ նաեւ նախագահի հետ: Ես կրկնում եմ, որ մեր միությունը բաց է», - Երեւանի Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ ենադի Սելեզնյովը:

Հայաստանի նախագահը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ «Ռուսաստան-Բելառուս» միությանը միանալու հարց երկրի արտաքին քաղաքական օրակարգում չկա: Չորեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում կրկնեց, որ Հայաստանը չի ցանկանում միանալ այդ միությանը եւ իր հարաբերությունները Ռուսաստանի ու Բելառուսի հետ կառուցում է ԱՊՀ միջոցով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա:

Այսօր Պետդումայի նախագահը սլավոնական համալսարան էր եկել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Ռուսաստանի Պետդումայի եւ Հայաստանի ԱԺ-ի մի շարք պատգամավորների ուղեկցությամբ:

Եռօրյա պաշտոնական այցի ընթացքում, դումայական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ պատգամավորական խմբերի ու խմբակցությունների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Ըստ Հայկոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի, ենադի Սելեզնյովի այցը եւ կոմունիստների այսօրվա հանրահավաքը պարզապես համընկել են, թեեւ՝ - «Կոմունիստ ընկերոջ այցը լիցքավորում է մեր շարժումը: Ավելի մեծ վստահություն է ներշնչում, որ մենք պետք է լինենք այդ միության հետ»:

Իսկ հանրահավաքն անհամեմատ սակավամարդ էր մայիսյան հանրահավաքի համեմատությամբ, ելույթների բովանդակությունն էլ կրկնում էր մայիսյան հանրահավաքի գլխավոր թեման. Հայաստանի միակ փրկությունը «Ռուսաստան - Բելառուս»-ին միանալն է:

Վլադիմիր Դարբինյանը այսօր տեղեկացրեց, որ կոմկուսը ստորագրահավաք է սկսել «Ռուսաստան-Բելառուս»-ին միանալու հարցով ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրելու համար։ Իսկ նախագահ Քոչարյանը, ինչպես վստահեցրեց հայ կոմունիստների առաջնորդը, իրենց խոստացել է, որ «եթե ԱԺ-ն հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնի, ինքը կստորագրի»։

Աննա Սաղաբալյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG