Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանի հետագա աշխատանքը հարցականի տակ է


Երեկվա նիստում կառավարությունն ընդունեց Ռուսաստանի դաշնությունից ակնկալվող 11 միլիոն 700 հազար դոլար վարկից հրաժարվելու որոշում: Վարկը նախատեսված էր Մեծամորի ատոմակայանի լիցքավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիք ձեռք բերելու համար: Դա, փաստորեն, սեփական անկարողության ճանաչումն էր կառավարության կողմից, որը չի կարողացել ապահովել նոր վարկեր ատոմակայանը վառելիքով ապահովելու համար, քանի որ Ռուսաստանի դաշնության կառավարությունն, օրենքի համաձայն, պարզապես իրավունք չունի նոր վարկ հատկացնել, քանի դեռ ամբողջությամբ մարված չեն նախկին պարտքերը։

Թեեւ, կառավարությունը կարողացավ Ազգային ժողովի վրա այլեւայլ ճնշումներ բանեցնելով հասնել այն բանին, որ վերջինս թույլ տա ռուսական պարտքը մարելու համար վերցնել սեփականաշնորհումից գոյացած ու նման օգտագործման համար, ըստ էության, անձեռնմխելի քսան միլիոն դոլարը, ինչպես երեւում է, դա բավարար չեղավ ամբողջ պարտքը մարելու կամ` ռուսական կողմին համոզելու համար։ Իսկ Հայաստանի ընդհանուր պարտքը Ռուսաստանին հասնում է շուրջ 116 միլիոն դոլարի, որից Մեծամորի բաժինը 29 միլիոն է:

Իսկ ատոմակայանը լիցքավորել, այնուամենայնիվ, պետք է։ Ի վերջո, դա ազգային անվտանգության խնդիր է։ Այդ պատճառով, կառավարությունն իր որոշման երկրորդ մասով հանձնարարեց ատոմակայանի ղեկավարությանը` բյուջետային երաշխիքի ներքո, ռուսական միջուկային վառելիք գնելու նպատակով հինգ տարի ժամկետով 10 միլիոն դոլարի վարկ հայթհայթել տնտեսության մասնավոր ստորաբաժանումից։

Սակայն արտադրած ու մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց Հայէներգոն եւ բաշխիչ ցանցերը ատոմակայանին պարտք են ավելի քան 100 միլիոն դոլար։ Բնական է, եթե այդ գումարները լինեին, ատոմակայանը կարող էր ոչ թե մեկ, այլ առնվազն հինգ անգամ վերալիցքավորվել։ Այժմ, սակայն, հարկադրված է կապիտալի շուկայից պարտք վերցնել։ Ատոմակայանի ղեկավարությունից որեւէ մեկնաբանություն այս ամենի վերաբերյալ ստանալ չհաջողվեց:

Մեծամորի ատոմակայանի հարցը քննարկվել է Եվրամիության ներկայացուցիչների հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բրյուսելում անցկացրած հանդիպումների ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին, Քոչարյանի հետ հանդիպելուց հետո, իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, Հայաստանը շարունակում է հակված մնալ Մեծամորի ատոմակայանը փակելուն: Ատոմակայանի փակման՝ Եվրամիության հետ համաձայնեցված ժամկետը 2004 թվականն է:



Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG