Մատչելիության հղումներ

Մոսկվայի հոգեւոր թեմի նախկին առաջնորդին վերաբերող Հայոց կաթողիկոսի վճիռը վերջնական է




Գրանցելով «Մոսկվայի եկեղեցիների միավորում» կոչվող կազմակերպությունը, Տիրան Կյուրեղյանը խախտել է թեմի կանոնադրությունը, եւ հարցը պիտի լուծվի իրավաբանական ճանապարհով, իսկ «կարգալույծ անելու մասին մեր կայացրած վճիռը վերջնական է», -այսօր Սուրբ Էջմիածնի Վեհարանում հրավիրած ասուլիսում ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Ասուլիսը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարությունների շրջանակներում Վեհափառ հայրապետի՝ Ամերիկային Միացյալ Նահանգներ կատարած մեկամսյա հովվապետական այցին: «Մենք հաջողեցինք մեր ծրագիրը իրականացնել, ժողովրդին խանդավառելով, մեր ժողովրդին վերստին հայ եկեղեցու հովանու տակ ամբարելով եւ նրանց մեջ վերարթնացնելով հայրերի սրբազան հավատքը», - ասաց Հայոց կաթողիկոսը:

Բացի ամերիկյան մի շարք քաղաքների թեմական համայնքներում ու կրթական հաստատություններում ունեցած հանդիպումներից, Վեհափառ հայրապետը հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Կանադայի վարչապետի, Նյու Յորքի քաղաքագլխի, այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: Ջորջ Բուշի հետ Վեհափառի առանձնազրույցի ժամանակ խոսվել է նաեւ Ղարաբաղյան կարգավորման մասին: Ըստ Ամենայն Հայոց կաթողիլոսի, ԱՄՆ-ի նախագահը կարեւոր նշանակություն է տալիս եկեղեցու դերակատարությունը այն առումով, որ եկեղեցին նպաստի համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի վերացմանը:

Խոսելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարությունների մասին, Գարեգին Բ կաթողիկոսը, ընդհանուր առմամբ, բավարար գնահատելով դրանց կազմակերպումը, մասնավորապես, ասաց. «1700-ամյակը կարելի էր դարձնել իրապես մեր հավատքի նորոգության, մեր եկեղեցու առաքելության զորացման մի նոր հրավեր»:

Անդրադառնալով Հռոմի պապի այցելությանը Հայաստան, Վեհափառ հայրապետն ասաց, որ առայժմ ստույգ ոչինչն որոշված չէ. բանակցություննները դեռ ընթանում են:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG