Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրից օր եւ թերթից թերթ շարունակում են շրջել կառավարությունում հավանական կադրային փոփոխությունների մասին լուրերը, այսօր էլ «Հայկական ժամանակ»-ում, մասնավորապես, հաղորդում կա, թե փոխվելու պետական եկամուտների նախարարը: «Սակայն այդ ամբողջ վազվռտոցը», - ինչպես «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն է ձեւակերպել, - «սահմանափակվում է միայն թերթերի էջերով եւ կառավարական հիմնարկների միջանցքներով... Իշխանության վերին օղակներում տեղի ունեցող ամեն ինչ հասարակական հետաքրքրություն իրենից չի ներկայացնում»: «Այնտեղ կյանքն ընթանում է իր ուրույն՝ մեզ անհայտ օրենքներով», - գրում է մեկնաբանը: - «Ահա հիմա էլ «նրանց մոտ» գուցե թե պաշտոնաթողությունների ու նշանակումների նոր սեզոն է սկսվել: Չենք կարծում, թե տեղի ունեցողի մեջ ինչ-որ գաղտնի բան կա եւ այն հասկանալու համար լավագույն քաղաքագիտական ուղեղների լուրջ ջանքերը կպահանջվեն: Պարզապես հիշենք, թե ինչպես Ռոբինզոն Կրուզոն, հուսահատվելով իր բերքը ոչնչացնող թռչունների դեմ ապարդյուն պայքարելուց, վերջիվերջո վերցրեց հրացանը, մի քանի «գողերի» սպանեց եւ նրանց մարմինները կախեց երեւացող տեղում»:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ, «Հստակ տեղեկություններ կան, թե հնարավոր է, որ առաջիկայում ի հայտ գա քաղաքական ուժերի մի նոր միավորում՝ ի դեմս ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ԱԺԿ-ի եւ Կոմկուսի, չի բացառվում, նաեւ Ճակատի... Վերջիններս, բացի Ճակատից, առայժմ առանձին բանակցություններ են վարում՝ սկզբունքային մի քանի խնդիրների շուրջ»։ Մասնավորապես, անհրաժեշտ է դիտվում կառավարման համակարգը փոխելը՝ Հայաստանում ձեւավորելով խորհրդարանական իշխանություն: Այսօրինակ մտայնության հետ կապած, «Ժամանակ» թերթում նշվում է. «Հերթական անպտուղ բանավեճի ծավալման նախադրյալներ են ստեղծվում... Արժե, որ խորհրդարանական կառավարման ջատագովները պարզապես վերհիշեին մեր հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ ձեւավորված խորհրդարանների գործունեության ընթացքում ժամանակ առ ժամանակ ներքաղաքական լարվածության հասցնող իրավիճակները... եւ պարզ կդառնա, թե կառավարման այս ձեւն ընտրելու դեպքում քանի անգամ էին բազմապատկվելու երկրի առջեւ ծառացած առանց այդ էլ հսկայական թվով պրոբլեմները»: Մեծ հաշվով, մեկնաբանի շեշտադրմամբ, եթե երկրում «չկա հարգանք պետության, նրա խորհրդանիշների եւ ատրիբուտների հանդեպ... կառավարման խորհրդարանական կամ նախագահական ձեւերի մասին խոսակցությունը դատարկ հնչյուն է»:

Նշելով, թե մեր կյանքում վերջին տարվա ընթացքում առաջխաղացումն ակնհայտ է, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, միեւնույն ժամանակ, ընդգծում է.«Այդ ամենը, սակայն, դեռ ի վիճակի չէ արմատապես հաղթահարել հասարակության մեջ վերջին տասնամյակում հաստատված անելանելիության զգացումը»: Չափազանց շատ բան է դեռեւս մեր երկրում անհնար, եւ այդ շարքում, մեկնաբանի հայացքով, գլխավոր գործոնը, որ համընդհանուր հուսահատություն է ծնում, իշխանության որակը փոխելու անհրաժեշտության զգացումն է: «Իսկ այդ որակը չի փոխվի, քանզի իշխանությունը միշտ, եթե թույլ են տալիս, ձգտում է իր որակին համապատասխան կամ հարմարվող մարդիկ հավաքել...Այդ դրվածքը պիտի փոխվի, այլապես ո'չ հսկայական ներդրումները, ո'չ ղարաբաղյան խնդրի կարգավորումը երկրին թույլ չեն տա անել այն ցատկը դեպի ապագա, որին դեռ բոլորս սպասում ենք», - եզրափակում է մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր հեղաշրջում է արձանագրում: Հեղաշրջում՝ ՀԺԿ-ի ներսում, որի էությունը հետեւյալն է. «Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ ՀԺԿ-ի ղեկավարության մեջ հանդուրժել Կ.Դեմիրճյանի զինակիցներին: Այն մարդկանց, որոնք, ըստ երեւույթին, կաշկանդում էին իր հավակնությունները՝ դուրս գալ հոր կողմից որդեգրած հավասարակշռված, սթափ ու իրատեսական քաղաքականության շրջանակներից: Դրա ապացույցն է այն, որ ՀԺԿ քաղխորհրդի կազմից դուրս մղվեցին Կ. Դեմիրճյանի մերձավոր զինակիցները... Փոխարենը եկան... անձինք, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ կեցվածքով ու անհանդուրժողականությամբ, այլազան խարդավանքների ու բամբասանքների մեջ ընկղմվելու հակումով»:

ՀԺԿ-ն անդրադարձի առարկա է մնում նաեւ «Ազգ»-ի համար, որի մեկնաբանի գնահատականով՝ «կուսակցությունն իր տեղը չի գտնում քաղաքական դաշտում՝ անսկզբունքայնության պաճառով: Իսկ համագումարը ոչինչ չփոխեց, այլ միայն հաստատեց, որ նույն հեղհեղուկ, ամորֆ քաղաքականությունը ՀԺԿ-ն շարունակելու է անընդհատ՝ քաղաքական դաշտում նորանոր խնդիրներ առաջացնելով»:

«Հայոց Աշխարհ»-ն այսօր անհույս հայացք է ձգել կոռուպցիայի դեմ պայքարին, պատկերելով. «Պայքարն ինքը առայժմ չի երեւում անգամ մանրադիտակով, բայց փոխարենը համապատասխան խորհրդարանական հանձնաժողովում աշխուժորեն քննարկվում է հակակոռուպցիոն օրինագիծը, կառավարության հանձնաժողովը օտարերկրյա գրանտի օգնությամբ մշակում է միջոցառումների ծրագիր»: Այնպես որ, «քաջ ծանոթ լինելով կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկվող ուղղությունների եւ մեթոդների բովանդակությանը», մեկնաբանը կասկածի տակ է առնում դրանց արդյունավետությունը՝ առանձնացնելով. «Մեզանում բացարձակապես հաշվի չի առնվում այնպիսի կարեւորագույն գործոն, ինչպիսին հասարակության մեջ արժեքների համակարգի փոփոխման անհրաժեշտությունն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG