Մատչելիության հղումներ

Սրվում են հարաբերությունները Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ, Աշգաբադը փակում է իր դեսպանատունը Բաքվում


Լարվածությունը Կասպից ծովի ավազանում ուժեղանում է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները, Թուրքմենստանը որոշել է փակել իր դեսպանատունը Բաքվում, որպես պատճառաբանություն բերելով ֆինանսական միջոցների բացակայությունը: Թուրքմեն եւ ադրբեջանցի պաշտոնյաները, սակայն, փորձում են մեծ նշանակություն չտալ այս իրադարձությանը՝ խորհուրդ տալով դեսպանատան փակումը չմեկնաբանել իբրեւ Բաքվի եւ Աշգաբադի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզում:


Թուրքմենբաշի



Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ ուլիեւը, մեկնաբանելով Սապարմուրատ Նիյազովի այս որոշումը, այսօր ասաց, թե Թուրքմենստանի դեսպանատան փակումն ամենեւին չի ուրախացնում Ադրբեջանին: Նա միաժամանակ նշեց, որ ամեն ինչ նորմալ է, եւ որ այդպիսի բաներ շատ են լինում նաեւ ուրիշ երկրներում: Սակայն ադրբեջանցի մեկնաբաններն այդ պատճառաբանությունը չեն ընդունում եւ կարծում են, որ որոշման բուն պատճառը երկու երկրների միջեւ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններն են: Հարաբերությունները Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղուց են սրվել՝ Կասպից ծովի ջրերի, ընդերքի եւ էներգետիկ ռեսուրսների բաժանման հարցի շուրջ:

Կասպից ծովի երկու ափերից պարբերաբար հնչում են փոխադարձ մեղադրանքներ, հաճախ՝ նաեւ սպառնալիքներ: Մայիսի 17-ին պաշտոնական Աշգաբադը հրապարակեց շատ խիստ մի հայտարարություն, որտեղ մեղադրեց Հեյդար Ալիեւին «Հազար» եւ «0սման» վիճելի հանքավայրերի պաշարների շահագործումը վերահսկող կառավարական հանձնաժողով կազմելու համար: Ադրբեջանցիները նույն հանքավայրերն անվանում են «Ազերի» եւ «Շիրակ»: Թուրքմենստանի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն իր միակողմանի որոշումներով խախտում է միջազգային օրենքները, անտեսում է թուրքմենական կողմի օրինական պահանջները: Ոտնձգություններ անելով Թուրքմենստանի ինքնիշխանության վրա, Բաքուն ապակայունացնում է Կասպյան տարածաշրջանը, նշված է Թուրքմենստանի արտգործնախարարության մայիսի 17-ի հայտարարության մեջ: Հայտարարությունը մեղադրում է նաեւ ադրբեջանական մամուլը՝ հակաթուրքմենական քարոզչություն վարելու համար:

Ադրեջանական մամուլը այս շաբաթվա ընթացքում մի շարք հաղորդումներ հրապարակեց այն մասին, որ Թուրքմենստանը պատրաստվում է գնել 20 արագընթաց ռազմանավ: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստակայանի հաղորդման համաձայն, Թուրքմենստանն այդ ռազմանավերը գնելու է Ուկրաինայից: Ռազմանավեր գնելու Թուրքմենբաշու մտադրության մասին ադրբեջանական հաղորդումների աղբյուրները չեն նշվում, եւ դժվար է հասկանալ, թե առանց Ռուսաստանի համաձայնության, 40 տոննա ծանրությամբ 20 ռազմանավերը ինչպես են փոխադրվելու Թուրքմենստան:

Ադրբեջանում, սակայն, վախենում են ոչ միայն Թուրքմենստանից: Կասպից ծովում շատ ուժեղ ռազմական նավատորմ ունեն Ռուսաստանն ու Իրանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, մեծ տագնապով են հաղորդում, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմածովային ուժերը Կասպից ծովում: Ադրբեջանական հեռուստատեսությունը մայիս ամսվա իր հաղորդումներից մեկը նվիրել էր ռուսական կասպյան նավատորմին: Այդ հաղորդման համաձայն, նոր՝ արագընթաց ռազմանավեր են տեղակայվել Մախաչկալայում եւ Կասպիյսկում: Այդ ռազմանավերում տեղադրված են հրթիռային հրետանային կայանքներ: Կասպից ծովը շուտով դառնալու է ռազմականացված գոտի, հունիսի 1-ին հաղորդել է ադրբեջանական ԱՆՍ հեռուստակայանը: Իրանը զորեղ նավատորմ ունի Կասպից ծովի հարավում, Ռուսաստանը եւ Թուրքմենստանը հզորացնում են իրենց ռազմական ներկայությունը, նույն հաղորդման մեջ տագնապ է հնչեցրել ադրբեջանական հեռուստակայանը:

Այսօր Բաքվում, այդուհանդերձ, լավատեսության առիթ կար: Այստեղ բացված նավթի եւ գազի խոշոր միջազգային ցուցահանդեսի մասնակիցները հավատացնում էին, որ Բաքու-Ջեյհան խողովակաշարը գործելու է: Այսպիսի հավաստիացումներով հանդես եկավ Սթիվեն Մանը՝ Կասպյան ավազանի հարցերով ԱՄն պետդեպարտամենտի հատուկ խորհրդականը: Մանը կարդաց Ջորջ Բուշի ուղերձը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը հավատացնում է, որ իր երկիրը կաջակցի Ադրբեջանին եւ որ Ադրբեջանը կդառնա տարածաշրջանի ռազմավարական երկրներից մեկը:

Այսպիսի հավաստիացումներ ժամանակին տվել էր նաեւ նախագահ Քլինթոնը, որի վարչակազմը Կասպյան ավազանը եւ հատկապես ադրբեջանական նավթը համարում էր 21-րդ դարի էներգետիկ անվտանգության անկյունաքարը: Սակայն առայժմ այդ ծրագրերը մնում են սոսկ խոստումներ: Իսկ Ջորջ Բուշի վարչակազմի էներգետիկ քաղաքականության մեջ Ադրբեջանից ակնկալիքները շատ ավելի համեստ են:

Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG