Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Ժնեւի հանդիպումը հետաձգելու խնդրանքով միջնորդներին չի դիմել:




Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շրջանակներում նախատեսված Ժնեւի հանդիպումը հետաձգելու իրական պատճառները այդպես էլ չհստակվեցին: Հետաձգմանը վերաբերող միջնորդների պարզաբանումներում որոշակի հակասություններ դրսեւորվեցին: Մասնավորապես, ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հերքեց ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմենի այն հայտարարությունը, թե հանդիպումը հետաձգելու խնդրանքով միջնորդներին դիմել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Մինսկ մեկնելուց առաջ ասաց, թե Ժնեւի հանդիպումը իր խնդրանքով չի հետաձգվել, ենթադրություն հայտնելով, թե այդպիսի խնդրանք եղել է Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Ադրբեջանի նախագահի այդ ենթադրությունն այսօր հերքեց Հայաստանի նախագահի խոսնակը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցում Վահե Գաբրիելյանը, մասնավորապես, ասաց. «Մենք հանդիպումը հետաձգելու խնդրանք չենք ներկայացրել: Դա միջնորդների որոշումն է եղել: Մենք պատրաստ էինք գնալու»:

Մինսկում, փաստորեն, ոչ միայն առաջընթաց չի արձանագրվել, այլեւ ընդհակառակը՝ եւս մեկ անգամ հաստատվել է, որ բանակցային գործնթացը դանդաղել է: Մինսկից վերադառնալուց հետո Հեյդար Ալիեւն ասել է, որ կողմերի միջեւ դեռեւս շատ են տարածայնությունները: Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե Մինսկի խմբի համանախագահները առաջարկեն հանդիպել, ադրբեջանական կողմը չի մերժի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առայժմ ոչ մի գնահատան չի տվել, կարծիք չի հայտնել: Իսկ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը, առանց մեկնաբանությունների թողնելով հարցերի մեծամասնությունը, հավաստիացրեց, որ հայկական կողմը նույնպես չի մերժի հանդիպման մասին միջնորդների առաջարկը:

Պատասխանելով միջնորդների կողմից ճնշումների գործադրմանը վերաբերող հարցին Վահե Գաբրիեյլանն ասաց, որ հակամարտ կողմերի վրա ճնշումներ չկան, որ նման ձեւով հարցը չի լուծվի, հակամարտ կողմերն իրենք պետք է համաձայնության գան:

Մինսկում կայացած եռակողմ հանդիպումը, թերեւս, արձանագրեց, որ Քոչարյան-Ալիեւ երկկողմ բանակցությունների ֆորմատը սպառվել է: Դրանք սկսվել էին 1999 թվականից, երբ Ադրբեջանը մերժեց կարգավորման «Ընդհանուր պետության» տարբերակը: Միջնորդները հույս ունեին, որ ուղղակի բանակցություններով հակամարտ կողմերն ավելի կմոտենային համաձայնությանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG