Մատչելիության հղումներ

Մինսկում Ղարաբաղյան բանակցությունների ճակատագիրը մնաց անորոշ


Այսօր Մինսկում ավարտվեց ԱՊՀ երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում էին նախկին խորհրդային 12 հանրապետությունների նախագահները, վարչապետները եւ արտգործնախարարները: Գագաթնաժողովից հետո հրավիրված ամփոփիչ մամլո ասուլիսում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավատեսությամբ արտահայտվեց ԱՊՀ հեռանկարների մասին: ԱՊՀ տարածքում ազատ առեւտրի գոտի ստեղծելու ջանքերը, Ռուսաստանի նախագահի գնահատմամբ, կարող են շուտով հաջողությամբ պսակվել:


"Կովկասյան Քառյակ"

Սակայն Մինսկի գագաթնաժողովի առանցքը կովկասյան հանդիպումներն էին, հատկապես «Կովկասյան քառյակի» հանդիպումը: Մինսկում Ռուսաստանը ջանք չխնայեց հավաստիացնելու, որ պատրաստվում է կրկին դառնալ տարածաշրջանի գլխավոր դերակատարը, խաղաղարարը, հակամարտությունների գլխավոր միջնորդը: Այս մասին հայտարարություններով հանդես եկավ Վլադիմիր Պուտինը: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հրապարակավ ողջունեցին Ռուսաստանի այս ակտիվությունը: Հատկապես պերճախոս էր Հեյդար Ալիեւը: Մեր թղթակիցը հայտնում է Մինսկից, որ Հեյդար Ալիեւը ոգեւորությամբ արտահայտվեց Ռուսաստանի միջնորդական դերն ուժեղացնելու Պուտինի մտադրությունների վերաբերյալ:

«Կովկասյան քառյակի» հանդիպումից հետո Հեյդար Ալիեւը առանձնահանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահի հետ առանձնահանդիպում ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս երկու առանձնահանդիպումների մանրամասների մասին գործակալությունները ոչինչ չեն հայտնում: Հայտնի չէ նաեւ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանակցային հաջորդ փուլի անցկացման ժամկետների եւ վայրի վերաբերյալ:

ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ ռուսաստանցի համանախագահի եւ նրա ամերիկացի գործընկերոջ կատարած հակասական հայտարարությունները բանակցային գործընթացի վերաբերյալ հիմք տվեցին որոշ մեկնաբանների ենթադրելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունում լուրջ տարաձայնություններ են ծագել: Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի լավատեսական հայտարարություններին հաջորդում էին ռուսաստանցի միջնորդ Գրիբկովի հոռետեսական գնահատականները:

Այսօր ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հերքեց այդ ենթադրությունները, հայտարարելով, թե Ռուսաստանի եւ Ամերիկայի համագործակցությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում ամենաբարձր մակարդակի վրա է: Քերի Քավանոն այսօր «Ուորլդնեթ» ամերիկյան հեռուստակայանով պատասխանում էր հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին: Ըստ ամերիկացի համանախագահի, նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Սլովենիայում կայանալիք առաջիկա հանդիպումը ղարաբաղյան հարցում ռուս-ամերիկյան համագործակցության ապացույցը կդառնա: «Մենք չենք գերագնահատում Ամերիկայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում», - հայտարարեց Քերի Քավանոն:

Ջերեմի Բրանստայն՝ Մինսկ, Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG