Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը շահագրգիռ կազմակերպությունների փորձագետների դատին է ներկայացրել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը։ Նման օրենքի ընդունման փորձ եղել էր նաեւ տարի ու կես առաջ, բայց այն ժամանակ օրինագիծը նույնիսկ խորհրդարանի օրակարգ չմտավ», - հիշեցնում է «Առավոտ» թերթը: - «Այլ է այսօր։ Գործող կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր քաղաքականության գլխավոր ուղղությունը ու դժվար թե որեւէ մեկն առարկի այդօրինակ օրինագծի դեմ։ Այլ հարց է, թե ընդունվելիք օրենքն արդյո՞ք կաշխատի եւ կնպաստի կոռուպցիայի չափերի նվազմանը»։ Այս առումով, «Առավոտ»-ում ընդգծվում է. «Մեր ողջ պետական համակարգն է վերեւից ներքեւ կոռումպացված, այդ թվում նաեւ այն օղակները, որոնք ի պաշտոնե պետք է պայքարեն նույն այդ կոռուպցիայի դեմ»։ Հիմա էլ «նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող հատուկ գործակալություն, որը կլինի անկախ եւ կենթարկվի բացառապես Ազգային ժողովին»։ Բայց, «խնդիրն այն է՝ ինչպե՞ս զսպել գործակալության այդքան մեծ լիազորություններ ունեցող աշխատակիցներին կոռումպացվելու գայթակղությունից»։ «Առավոտ»-ը գրեթե վստահ է, որ ի վերջո «պարզապես կհայտնվի հարկատուների հաշվին լրացուցիչ ծախսեր պահանջող եւս մեկ վերահսկող օրգան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։

Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այն հարցին, թե «որո՞նք էին 2000թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նկատմամբ Ազգային ժողովի բացասական վերաբերմունքի պատճառները», հիշյալ կոռուպցիայի դեմ օրենքը պատրաստած հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը շեշտում է. «Ազգային ժողովը հոգնել է կառավարության կցորդը լինելուց: Եթե քաղաքական մեծամասնությունը հարմարավետ է զգում իրեն կցորդի վիճակում, ապա նույնը չի կարելի ասել քաղաքական մյուս ուժերի մասին... Արդեն որերորդ անգամ բյուջեի կատարման մեջ տեսնում ենք օրենքի խախտումներ, որոնք որեւէ կերպ չեն մեկնաբանվում, չեն նշվում դրանց պատասխանատուները: Փաստորեն ստացվում է, որ Ազգային ժողովի կողմից թե' բյուջե ընդունելու եւ թե' դրա հաշվետվությունը լսելու պրակտիկան անիմաստ է դառնում»: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, «ԱԺ-ի եւ կառավարության միջեւ նոր համաձայնության, պայմանավորվածությունների կարիք է զգացվում: Դա պետք է արտահայտվի եւ' երկրի Սահմանդրության մեջ, եւ' ԱԺ կանոնակարգում»:

Մյուս կողմից, նույն «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր անհիմն է որակում այն պատգամավորների մեկնաբանությունները, ովքեր ասում են, թե «հաշվետվությանը դեմ են քվեարկել, որպեսզի...կառավարությունն ուշքի գա ու հետայսու ավելի լավ աշխատի»: «Պարոնայք, ձեր այդ նախազգուշացումները մի քիչ թանկ չե՞ն նստում պետության վրա», - գրում է մեկնաբանը, - «ախր դրսում չգիտեն, չէ՞, որ մեր խորհրդարանը «տեխնիկական անճշտություններով» ու «նախազգուշացումներով» է սիրում զբաղվել... Իրապաշտ օտարերկրացին մի եզրահանգման է գալու. ի՞նչ իմաստ ունի ներդրումներ անել մի երկրում, ուր կառավարությունն այնպես է աշխատում, որ նրա հաշվետվությունը երկրի խորհրդարանը չի հաստատում»:

«Իրավունք» թերթի մատուցմամբ, այս քվեարկությամբ որոշ ուժեր, հատկապես Դաշնակցությունն ու «Ժողովրդական պատգամավոր» խումբը, «յուրահատուկ դեղին քարտ են ցույց տալիս վարչապետին եւ թափանցիկ ակնարկում, որ ժամանակն է որոշակի տեղաշարժեր կատարել կառավարությունում եւ իրենց տեղեր հատկացնել»: «Այդ ամենը տեղի է ունենում ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավանության», - զարգացնում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Նման իրավիճակ ստեղծելով՝ նախագահը հնարավորություն կունենա վարչապետի դիրքերի ամրությունը է'լ ավելի շատ պայմանավորել նախագահական աջակցությամբ: Բացի այդ, աստիճանաբար հասունացնելով կառավարության կազմի դանդաղ փոփոխությունների հարցը՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա ձերբազատվել ՀԺԿ-ական ծագում ունեցող նախարարներից»: «Ինչ վերաբերում է «27-ի գործի» քննությունն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողովին, ապա», - ըստ «Իրավումք»-ի, - «նախագահամետ թեւին չհաջողվեց կանխել դրա ստեղծումը, սակայն հաջողվեց կասեցնել դրա արդյունավետ աշխատանքը»:

«Հայկական ժամանակ» թերթի ձեւակերպմամբ էլ, այդ հանձնաժողովի նախագահի «ընտրությունը կատարվել է ՀԺԿ-ին բացահայտ «քցելու» եւ հանձնաժողովի գոյությունը հնարավորինս անլուրջ դարձնելու համար»: «Ժամանակ» թերթում «յոթ չափիր, մեկ կտրիր» խրատն է ուղղվում ժողկուսակցությանը: Ժամանակավոր հանձնաժողովի շուրջ մտահոգություններից այստեղ խտացվում է, թե, ըստ էության՝ «որոշ ուժեր կասկածամտության հերթական չափաբաժինն են նետում ասպարեզ՝ հոկտեմբերի 27 -ի ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ հին ու նոր ենթադրություններով»: Եվ արդեն հանձնաժողովի անդամներն էլ դառնում են անվստահության թիրախ: ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը այսօր «Իրավունք»-ում ներկայացվող հարցազրույցում նկատելիորեն թեւաթափ արձագանքել է. «Իհարկե, կարող ենք ասել, որ ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է. թեկնածուներ են ներկայացվել բոլոր խմբերից ու խմբակցություններից, ընտրվել է նախագահ: Բայց կա նաեւ խնդրի բարոյական կողմը. եւ արդեն իսկ մարդկանց մեջ հարց է առաջանում, թե արդյո՞ք ի վիճակի է այս հանձնաժողովը փարատել կասկածները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG