Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով, Հայաստանում գործող դատական համակարգը չի արդարացնում իրեն:


Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի դատական համարկարգին, ասել է, որ այն կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի: Նա համարում է, որ երկուսուկես տարի առաջ կատարված դատական բարեփոխումների արդյունքում հանրապետությունում ստեղծված եռաստիճան դատական համակարգը իրեն չի արդարացրել:

Դատական գործերի քննությունն անթույլատրելիորեն ձգձգվում է. առաջին ատյանի դատարանում քննվելուց հետո, դրանք բողոքարկվում են վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ դատարաններում: Եվ եթե վճիռն այստեղ բեկանվում է, շրջապտույտը նորից է սկսվում:

Հենրիկ Դանիելյանը նպատակահարմար է գտնում վերադառնալ երկաստիճան համակարգին: Բացի դրանից, նրա կարծիքով, սխալ է, որ վերաքննիչ դատարանը կրկին քննում է առաջին ատյանի դատարանում արդեն քննված գործը: Ամբողջ աշխարհում վերաքննիչ դատարանները կողմերի բողոքների հիման վրա քննում են սոսկ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Հենրիկ Դանիելյանը հասունացած է համարում նաեւ մասնագիտացված՝ քրեական, քաղաքացիական եւ տնտեսական դատարանների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ատենակալների ինստիտուտի վերականգնումը, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը միայն դատավորի կողմից չի նպաստում դատարանի նկատմամբ վստահության ձեւավորմանը:

Հայաստանի դատական համակարգի անկատարության ապացույց կարող է ծառայել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի քրեական գործը, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Թեեւ մի քանի օր առաջ վերաքննիչ դատարանը շոշափելիորեն մեղմել էր առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, այսօր, «Ֆեմիդա» կազմակերպության անցկացրած հավաքում, Բլեյանի փաստաբան Ռուբեն Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք դիմել են Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով արդեն վերաքննիչ դատարանի վճիռը:


Անուշ Դաշտենց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG