Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նշելով, որ «վերջին օրերին գնալով ավելի ու ավելի հաճախ են ժողովրդի առավել սիրելի ծառաները տարբեր ամբիոններից աղաղակում երկրից դուրս տարված 2,5 միլիարդ դոլարի մասին», - «Հայոց Աշխարհ» թերթը, անկախ բերվող թվերի պայմանականությունից, այս խնդրում առանձնացնում է. - «Քաղաքակիրթ աշխարհն արդեն համոզված է, որ կարողությունները Հայաստանում կուտակվում են բացառապես անօրինական ճանապարհով: Ինչպես նաեւ նրանում, որ այստեղից դուրս տարվող փողերը «կեղտոտ» են... Հայաստանի դժբախտությունն այն է, որ անցած տասը տարիները քիչ եղան՝ կողմնորոշվելու համար մի պարզ հարցում. ո՞ր եկամուտներն անվանել անօրինական եւ ո՞ր գործողությունները համարել դրանց լեգալացում... Մեզանում ոչ ոք նույնիսկ չի էլ մտածում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացմանը («լվացմանը») հակազդելու վերաբերյալ հատուկ օրենքի մշակման մասին... ոչինչ չի արվում միջազգային մակարդակով ջանքերի համադրման եւ արտասահմանում հայրենի ավանդատուների հաշվեհամարների վերաբերյալ տեղեկությունների ձեռքբերման համար»:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Աժ պատգամավորների մի խումբ նախաձեռնել է արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում պետք է քննարկվի հայրենական արտադրությունը ներմուծվող ապրանքներից պաշտպանելու օրինագիծ: Ըստ այդմ, պատգամավորները առաջարկում են Հայաստան ներմուծվող կաբելի, պլաստմասսայե իրերի, քիմիական արտադրանքի, կահույքի, սպիրտի եւ մի շարք այլ ապրանքատեսակների վրա սահմանել 50 տոկոս մաքսային դրույքաչափ: Տեղական արտադրողին պաշտպանելու նմանատիպ մի քննարկում էլ ընթացել է կառավարության անցած նիստում... Կառավարությունը չի համաձայնել տեղական արտադրողի նկատմամբ պրոտեկցիոնիզմ կիրառել, վկայակոչելով Ա. Մարգարյանի կառավարության գործունեության ծրագրի այն դրույթը, ըստ որի տնտեսական հովանավորչություն չպետք է լինի Հայաստանում, եւ ԱՄՀ-ի հետ կնքված տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հուշագիրը՝ կրկին նույն ձեւակերպմամբ: Մեջտեղ է հանվել նաեւ ԱՀԿ-ին անդամակցելու մերոնց անզուսպ ցանկությունը եւ տնտեսական անխուսափելի պատժամիջոցները, որ մեր նկատմամբ կիրականցվեն պրոտեկցիոնիզմ կիրառելու արդյունքում: Բայց այդ նույն նիստում Անդրանիկ Մանուկյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ ներմուծվող ծխախոտի հաստատագրված վճարը 20 դոլարով բարձրացնելու վերաբերյալ»:

«Հայկական ժանամակ»-ի մեկնաբանը համոզված է, որ Ազգային ժողովը կընդունի «ոչ միայն կառավարության ներկայացրած օրինագիծը, այլ նաեւ պատգամավորների նախաձեռնող խմբի առաջարկը»: Եվ սրանով, ինչպես հեգնում է մեկնաբանը՝ «մահացու հարված կհասցնենք միջազգային իմպերիալիզմի այնպիսի դրսեւորումների, ինչպիսիք են ԱՄՀ-ն, ԱՀԿ-ն, կառավարության գործունեության ծրագիրը, ազատ շուկա հասկացությունն ընդհանրապես»: Մեկնաբանի ձեւակերպմամբ, «տեղական արտադրողի պաշտպանությունը կհանգեցնի նաեւ տեղական արտադրողի «բեսպրեդելի», երբ մրցակցության բացակայության պայմաններում շուկա է նետվում անորակ արտադրանք»:

«Երեկ խորհրդարանում վերջապես ճշտվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ հնարավոր օրինախախտումների բացահայտման նպատակով ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմը», - հայտնում է «Առավոտ»-ը: Թերթի մեկնաբանի հայացքով, «Այն, մեղմ ասած, մեծ հույսեր չի ներշնչում... Հանձնաժողովում ընդգրկվել են ոչ միայն վերջինիս ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ առած ու դրա գործառույթները վատ պատկերացնող պատգամավորներ, այլեւ առանձին մականունավոր օրենսդիրներ»: «Ճիշտ է, ոմանք կատակում են, թե գողական եւ բանտային կյանքի ու օրենքների նրանց իմացությունը այդ հանձնաժողովում շատ տեղին կարելի է օգտագործել, այդուհանդերձ, ավելի լուրջ՝ հանձնաժողովի կազմը հուշում է, որ խորհրդարանական ուժերն, այնուամենայնիվ, այնքան էլ լուրջ չեն վերաբերվել հանձնաժողովին», - ամփոփված է «Առավոտ»-ում:

Տեւական ընդմիջումից հետո այսօր լույս է տեսել «Ժամանակ» օրաթերթը եւ, իհարկե, առաջին հերթին անդրադառնում է «Հոկտեմբերի 27»-ի գործին: Այս թեմայով հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ ագիկ Ասլանյանը, մասնավորապես, ասում է. «Մարդու իրավունքները դրանց նկատմամբ չէ, որ պետք է փորձենք պաշտպանել, հոգատար լինել: Դրանց նկատմամբ պետք է իրենց արժանի վերաբերմունքը դրսեւորել, ինչպես բանտախցում, այնպես էլ դատաքննության ընթացքում, դատաքննության նիստերի դահլիճում, որպեսզի իրենք իմանան, որ մերժված են այս հասարակության կողմից, որ մարդու իրավունքների խնդրիներն իրենց չեն առնչվում, որովհետեւ իրենք մարդ չեն»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, արձանագրելով, որ «Ղարաբաղյան հիմնահարցի սառեցումը հերթական անգամ իրողություն է դարձել... իրականություն են դարձել նաեւ կանխատեսումները, որ քանի դեռ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության ողջ «գունապնակի» վերաբերյալ երկու երկրները չհանգեն համաձայնության, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրը կշարունակի մնալ նրանց գզրոցներում սոսկ որպես մեկմեկու դեմ օգտագործվող զենք», -շարունակում է. - «Ակնհայտ է դառնում, որ Պուտին - Բուշ հանդիպման նախօրեին հստակեցնելով իր շուրջ ձեւավորվող նոր ռազմաքաղաքական դաշինքի ուրվագծերը՝ Ռուսաստանը Անդրկովկասում իրավասությունների եւ լիազորությունների բաժանման հարցում որեւէ գործարքի չի գնա ԱՄՆ-ի հետ, այլ կպահանջի ողջ տարածաշրջանի «վերահսկիչ» փաթեթը՝ դրա փոխարեն վերջինիս առաջարկելով զբաղվել իրեն ավելի հոգեհարազատ մերձավորարեւելյան հակամարտության կարգավորմամբ: Նման պայմաններում, կամակոր Ադրբեջանին սանձելու հարցը Ռուսաստանի համար ձեռք է բերում երկրորդական նշանակություն, քանզի «մեծ գործարքի» կայացման պարագայում այն լուծվում է մեխանիկորեն: Իսկ ձախողման դեպքում, որն ավելի հավանական է, գործի է դրվելու տարածաշրջանում առկա երկրների միջեւ առաջնահերթություններ սահմանելու սկզբունքը»: «Երկու պարագայում էլ Հայաստանը հայտվում է ավելի նախընտրելի ու բարենպաստ վիճակում», - ամփոփիչ վստահեցնում է մեկնաբանը:

Շուտով կլրանա Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների մեկնարկի կես տարին: Հերթական կիսահոբելյանական անդրադարձում «Երկիր» թերթը արձանագրում է, որ հասարակությունը շարունակում է անհաղորդ մնալ դրանց, հատկապես՝ հոգեւոր շրջանակի միջոցառումներին: Տարեսկզբի խանդավառ կանխատեսումների վերջին հույսը, կարծես, մնում է աշունը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG