Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանի կարծիքով, ղարաբաղյան համակարտությունն այս տարի չի կարգավորվի


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ չի հավատում, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ:



Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջորջ Բուշը եւ Ժակ Շիրակը մի քանի անգամ հույս էին հայտնել,թե հակամարտությունը կարող է կարգավորվել այս տարի: Լավատես էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Լեռնային Ղարաբաղի նախագահի կարծիքով, սակայն՝ «Դեռեւս բազմաթիվ են այն խնդիրները, որոնց գծով հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնության չեն եկել»:

Ըստ Արկադի Ղուկասյանի, այսօր չափազանց դժվար է մշակել հակամարտող կողմերի համար լիովին ընդունելի տարբերակ: «Եթե հնարավոր լինի գտնել մի որոշում, որը կբավարարի մեր ժողովրդին, ուրեմն պետք է գտնել այդ որոշումը», - ասել է ԼՂՀ նախագահը:

Պաշտոնակական Բաքուն, ըստ ԼՂՀ նախագահի, ներկա պահին որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում եւ փորձում է տապալել դրական զարգացումներին միտված բանակցային գործընթացը: Մինչդեռ հակամարտության կարգավորման տարեգրությունը նոր փուլ է մտել, երբ միջազգային քննարկումների ընդհանուր համապատկերը ավելի քան նպաստավոր է ղարաբաղյան կողմի համար:

Այնուհետեւ Արկադի Ղուկասյանը ասաց, մասնավորապես, հետեւյալը. «Միջազգային հանրության հետ պետք է խոսել միջազգային լեզվով: Եվ եթե մենք ուզում ենք, որ միայն մեր ասածը լսվի եւ ընդունվի, այդ դեպքում կնշանակի, որ մենք միջազգային հանրության կարիքը չունենք»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերով, տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն, կայունություն, Ադրբեջանը մնալու է մեր հարեւանը, մենք պետք է համագործակցենք Ադրբեջանի հետ՝ բացառելով, իհարկե, անկախությունից հրաժարվելը:

Հրանտ Ալեքսանյան՝ Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG