Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ենթադրվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա վեհաժողովը պայմանագրի «գոյության տասնամյա պատմության ընթացքում ամենահիշարժանը կլինի»: Ընդհանուր առմամբ, «գոյություն ունեցող երկկողմ ռազմական ալյանսները... մեկ ընդհանուր հավաքական անվտանգության համակարգում միավորելու Ռուսաստանի ձգտումը, որոշակիորեն կարելի է համարել նախազգուշական հարված՝ ի պատասխան նախկին ԽՍՀՄ տարածքում Արեւմուտքի ներկայության ընդլայնմանը», - գնահատում է «Առավոտ» թերթը:

«Հայկական ժամանակ»-ում ի մի են բերված առավել թերահավատ տեսակետները: Ըստ այդմ՝ «գագաթնաժողովում... քննարկվում են հարցեր, որոնց առնչությունը Հայաստանի ու նրա շահերի հետ դժվար է գտնել... Հավաքական անվտանգության պայմանագիրը իրականում կարող է միայն Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ուղղությամբ կենսունակ լինել, քանի որ այդ տարածաշրջանի երկրները ունեն ընդհանուր սպառնալիքներ, եվ այսպիսով՝ նաեվ ռազմաքաղաքական ընդհանուր շահեր», - նշում է ՀԱՊ խորհրդում ՀՀ նախկին լիազոր ներկայացուցիչ Ստեփան րիգորյանը»: Հայաստանն այս պայմանագրով ոչ միայն անկլավային վիճակում է, այլեւ գործ ունի «կասկածելի դաշնակիցների հետ», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ընդամենը մեկ ամիս առաջ Ղրղզստանն ու Ղազախստանը... թուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում դատապարտեցին Հայաստանի՝ դե յուրե իրենց ռազմաքաղաքական դաշնակցի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ»: Մի խոսքով, ստացվում է, «որ մենք հայտնվում ենք օտար հակամարտության առաջին գծում», - եւ, անդամակցելով պայմանագրին, - «այլ բան չենք անում, քան ռուսական շահերին սպասարկելը՝ սեփական շահերի շրջանցումով»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը զգուշացնում է. «Կարող է ստեղծվել մի վիճակ, որ մեր բոլոր «դաշնակիցները» կամ այդպիսիք կոչվողները հազարավոր կիլոմետրերով հեռու լինեն մեզանից, իսկ անմիջական հարեւանությամբ բարեկամ որեւէ երկիր այդպես էլ չունենանք»:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, «Երեւանյան նստաշրջանը համագործակցության նոր հեռանկարներ է բացում մասնակից բոլոր պետությունների առջեւ... Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանին հստակ երաշխիքներ է տալիս իր թշնամական շրջապատից բխող հավանական սպառնալիքներից՝ ընդլայնելով հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ձեւաչափը եւ դրան հաղորդելով ավելի լայն՝ հավաքական անվտանգության համակարգի գործառույթներ... Դրանով իսկ ողջ Անդրկովկասում Հայաստանը դառնում է այն միակ երկիրը, որն իր անվտանգությունը կառուցում է մի քանի մակարդակով տրված երաշխիքների վրա»:

«Երկիր» թերթի մեկնաբանի հայացքով, Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցությամբ «Հայաստանը լուծել է իր պետական, ազգային արտաքին քաղաքական գլխավոր հարցը՝ երկրի անվտանգության ապահովումը»: Ընդ որում, նման հզոր ռազմական համակարգի առկայությունը «նպաստում է նաեւ Արցախի անվտանգության ձեւավորմանը»: «Երկիր»-ը եւս այս համագործակցությունը դիտում է որպես պատնեշ, որ կանխում է Արեւմուտքի գլոբալ թափանցումները տարածաշրջան: Նույն առումով, «Իրավունք»-ի մեկնաբանը գրում է. «Հիմք է դրվում ռազմաքաղաքական նոր դաշինքին, որը հակակշիռ է լինելու ՆԱՏՕ-ին... Չպետք է բացառել, որ ապագայում այդ դաշինքին մասնակից կլինի նաեւ Իրանը, որը կհանդիսանա կապող օղակ կենտրոնասիական ու հայկական ուղղությունների միջեւ: Իսկ դա, անշուշտ, ղարաբաղյան կարգավորման գործընթացի ենթատեքստում ավելի հավանական է դարձնում հայ-իրանական փաստացի 150 կիլոմետրանոց սահմանի պահպանումը»: Մեկնաբանի շեշտադրմամբ, ՀԱՊ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայենկոյի այն հայտարարությամբ, որ «եթե պայմանագրի անդամ հանդիսացող որեւէ երկրի նկատմամբ ռազմական սպառնալիք լինի պայմանագրի ոչ անդամ ԱՊՀ որեւէ երկրի կողմից, ապա չի կարելի բացառել ուժի կիրառումը», պայմանագրի «կորիզ հանդիսացող Ռուսաստանը հասկացնել է տալիս, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ռազմական բոլոր տարբերակները այսուհետեւ փակ են լինելու»: Հետեւաբար՝ «Հայաստանը հնարավորություն է ստանում իր կողմից արվող զիջումները հասցնելու նվազագույնի, հանդես գալու կոշտ դիրքերից»:

Մամուլում շարունակվում են արձագանքները «Հոկտեմբերի 27»-ի գործով Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողովի կազմությանը: «Ազգ» թերթի գնահատականով, դա «ՀԺԿ-ի համար պարզապես առիթ էր ցցվելու, իրեն «գործի վրա» ցույց տալու»:

Կարծես որոշակի կրքեր է բորբոքում եւ ՀԺԿ առաջիկա համագումարի անցկացման տեղի հարցը: ՀԺԿ-ն ուզում է այն անպայման անցկացնել «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում, մինչդեռ կա «Մշակութային օջախներում քաղաքական միջոցառումներն արգելելու մասին» մշակույթի նախարարության որոշումը: Ըստ «Առավոտ»-ի աղբյուրների, եթե այդ կարգը չշրջանցվի, «կուսակցությունը պատրաստ է համագումարը վերածել բազմահազարանոց հանրահավաքի»:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «կառավարամերձ շրջանակները չեն բացառում մոտ օրերս մի քանի նախարարի պաշտոնանկությունը: Ասում են, որ վարչապետը շատ դժգոհ է իր կառավարությունից, քանզի գրեթե բոլոր նախարարներն արդեն բացահայտ շրջանցում են Անդրանիկ Մարգարյանին եւ ուղիղ կապի մեջ են նախագահական նստավայրի հետ»: Մասնավորապես, ըստ թերթի, «Անդրանիկ Մարգարյանը հաջորդ շաբաթ փորձելու է Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել հարկային այն կոպիտ քաղաքականությունը, որ տանում է պետեկամուտների նախարարը»՝ ակնկալելով ստանալ Անդրանիկ Մանուկյանի պաշտոնանկության հավանություն: Առավել հավաստի է համարվում բնապահպանության նախարարի պաշտոնանկության լուրը՝ այդ պաշտոնում ՀՅԴ-ից Մարտուն Մաթեւոսյանի նշանակմամբ: «Հայկական ժամանակ»-ում, որպես մոտակա պաշտոնանկներ, շոշափվում են նաեւ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG