Մատչելիության հղումներ

Մինսկ խմբի համանախագահները ավարտեցին այցը տարածաշրջան


Այսօր Հայաստանի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ ունեցավ Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Քերի Քավանոյի, Նիկոլայ րիբկովի եւ Ֆիլիպ դե Սյուրմեյնի հետ: Ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ րիբկովի բնութագրմամբ հանդիպումը օգտակար էր եւ հետաքրքիր:


Քերի Քավանոն մյուս համանախագահների հետ Ախուրյան կայարանում:

Դատելով հակամարտության կարգավորման միջնորդների հայտարարություններից, նրանց լավատեսությունը Քի Ուեսթից հետո, նկատելիորեն նվազել է: Քերի Քավանոյի խոսքերով, նորմալ է եւ ընդունելի, որ Քի Ուեսթում նկատված գործընթացի որոշակի արագացումը փոքր-ինչ դանդաղել է: Նա հույս հայտնեց, որ հետագայում բանակցություններում կարող է վերելք արձանագրվել:

Ամերիկացի դիվանագետն ասաց, որ Քի Ուեսթի բանակցություններից հետո, միջնորդներն ակնկալում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները խնդիրը քննարկելու են հասարակության, քաղաքական կուսակցությունների հետ. «Նախագահներն ակտիվորեն աշխատել են այդ ուղղությամբ. Հեյդար Ալիեւը քննարկումներ է անցկացրել հասարակական եւ քաղաքական լայն շրջանակների հետ, Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայաստանի խորհրդարանի ղեկավարների հետ»:

«Շատ կարեւոր է, - ասաց Քերի Քավանոն, - որ բանակցային գործընթացում քննարկված սկզբունքները արդարացվեն եւ լավագույնը համարվեն խաղաղություն ճանապարհին»: Նա նշեց նաեւ, որ փոխզիջումային լուծման գործում նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը ավելի պատրաստակամ են, քան երկու երկրների հասարակայնությունը:



Թեեւ մինչեւ տարածաշրջան գալը, Քերի Քավավանոն հայտարարել էր, որ նոր առաջարկների մեծ մասն արդեն թղթին է հանձնված, Երեւանում նա ասաց, որ նոր փաստաթուղթը հազիվ թե նախատեսված ժամկետում ներկայացվի նախագահներին:

Դա պարզ էր դեռ Բաքվում Նիկոլայ րիբկովի արած հայտարարությունից: Հայաստանում էլ ռուսաստանցի համանախագահը ասաց, որ կարոեւրը ոչ թե հաջորդ հանդիպման ժամկետներն են, այլ այն, «որ հանդիպումը հաջողություն ունենա: Իսկ հաջողության հասնելու համար, այն պետք է լավ նախապատրաստված լինի», ասաց րիբկովը կրկին ակնարկելով, որ Ժնեւյան հանդիպումը կարող է հետաձգվել:

Համանախագահներն, ինչպես երեւում է, ձգտում են հանդիպումն անցկացնել այն ժամանակ, երբ կկարողանան կարգավորման նոր տարբերակ առաջարկել: Ինչպես ասաց Քերի Քավանոն, նման համաձայնագրերը չեն կարող պարտադրվել դրսից , դրանք պետք է ընդունվեն երկու երկրների նախագահների, կառավարությունների եւ հասարակայնության կողմից:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG