Մատչելիության հղումներ

ԱԺՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Մանուկյանի բացառիկ հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:


Ռուզան Խաչատրյան
Վազգեն Մանուկյանը 1992-93 թվականներին, այսինքն, երբ գրավվեցին այսօր Ղարաբաղյան կարգավորման մշակվող տարբերակում ենթադրաբար քննարկվող տարածքները, ՀՀ պաշտպանության նախարարն էր: Այդ ժամանակ դիվանագիտական հաղթանակներ էլ ունեցանք, չմեկուսացվեցինք աշխարհից: Մի խոսքով, Ղարաբաղի պաշտպանության, Հայաստանի սահմանների պաշտպանության խնդիրները փայլուն ձեւով կարողացավ լուծել բանակը, ընդ որում՝ մեծ զոհերի գնով, ասաց պաշտպանության նախկին նախարարը, ավելացնելով, թե «Հիմա արդեն այդ վիճակը հենց այնպես ոչ ոք չի համաձայնի վերադարձնել նախորդ անպաշտպան վիճակին»:

Անդրադառնալով այդ տարիներին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Երբ 92֊ի սեպտեմբերին նշանակվեցի պաշտպանության նախարար, Ղարաբաղի տարածքի մի մասը օկուպացված էր ադրբեջանցիների կողմից: Ղարաբաղը պաշտպանելու եւ այդ հողերը հետ վերցնելու համար ուղիղ ճանապարհը ոչ մի բան չէր տա: Ամենասկզբում՝ Ղափանը պաշտպանելու համար մեզ պետք էր մտնել Զանգելանի տարածքը: Երկրորդը Քելբաջարի հարցն էր. այստեղից անընդհատ հարձակումներ էին լինում կենսուղու՝ Լաչինի վրա: Եվ այդպես կարելի է քայլ առ քայլ շարունակել՝ ընդհուպ մինչեւ Ֆիզուլի, Աղդամ»:

Ըստ Վազգեն Մանուկյանի, «Մենք կանգ առանք այնտեղ, որտեղ մեր անվտանգությունն ապահովված էր: Քանի որ Ադրբեջանի բանակի ողնաշարը ջարդված էր, Ադրբեջանը շատ տեղերում արդեն մեծ դիմադրություն չէր ցուցաբերում, եւ ցանկության դեպքում կարելի էր անընդհատ խորանալ Ադրբեջանի տարածքը: Բայց դա ինքնանպատակ չէր»:

Վազգեն Մանուկյանը հերքեց, թե այն ժամանակ պաշտոնական հայտարարություններ էին արվում, իբր այս տարածքները մեզ նաեւ պետք են հետագայում բանակցությունների ընթացքում, կոպիտ ասած, առեւտուր անելու համար:

Իսկ թե «ո՞ր տարածքը հնարավոր է հանձնել, ո՞րը՝ ոչ, եթե միջազգայնորեն ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը» հարցին ԱԺՄ ղեկավարը այսպես պատասխանեց. «Պարզունակ չի լինելու քաղաքական «առեւտուրը: Ղարաբաղը արդեն սովորել է ինքը կառավարել իր կյանքը: Ես չեմ տեսնում՝ էդ ինչ ճնշում պիտի լինի Ղարաբաղի վրա, որ նա իր արյունով վաստակած ազատությունից գոնե մի մազաչափ հրաժարվի: Մարդ չի կարող պայքարով, կռվելով, զոհաբերություններով ձեռք բերի ազատություն, հետո սկսի առեւտուր անել, իր ազատություն տալ»:

Վազգեն Մանուկյանը, շարունակելով խոսել տարածքների հարցի մասին, ասաց նաեւ. «Ես կձեւակերպեի հետեւյալ կերպ. Ղարաբաղի իրական պաշտպանված սահմանների հարցն է: Այստեղ վիճաբանություն կա: Ես կարծում եմ, Լաչինն ու Քելբաջարը բնական ձեւով Ղարաբաղի մաս պետք է կազմեն, որպեսզի Ղարաբաղը կարողանա պաշտպանված մնալ»: Մյուս կողմից՝ «Ես կտրականապես դեմ կլինեմ, որ ուրիշ պետության որեւիցե զինվոր ոտք դնի այս տարածքները»: Ըստ Վազգեն Մանուկյանի, դա միայն տարբեր միջազգային ուժերի հնարավորություն կտա ցանկության դեպքում մեզ օգտագործել որպես խաղալիք եւ մեր ժողովուրդներին ներքաշել նոր պատերազմների մեջ:

Խոսելով փոխզիջումների ընդունելի սահմանի մասին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Փոխզիջում ո՞ր թվականի իրավիճակին համեմատ՝ 96-ի՞, 88-ի՞: Թե՞ անցյալ դարի հետ համեմատած: Քանի որ կամաց-կամաց այս ստատուս-քվոն ինքն էլ դառնում է պատմական իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել»:

Վազգեն Մանուկյանը գտնում է, որ միջազգային երաշխիքները դեռ երաշխիք չեն, քանի դեռ մեծ տերությունները, նույնիսկ Իսրայելն ու արաբական երկրներն այս տարածաշրջանում չեն հստակեցրել իրենց հարաբերությունները. «Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, ցանկացած երաշխիք կարող է միանգամից կոտրվել, որովհետեւ նոր իրավիճակ կստեղծվի այս տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG