Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պաշտոնապես հաստատեց, որ երեկ Իրանում վթարված «ՅԱԿ-40» օդանավը պատկանում էր «Հայկական ավիաուղիներին»


Հրաչ Մելքումյան
Օդանավը վարձակալության էր տրվել իրանական «Ֆարազե Քեշմ» ավիաընկերությանը: Ըստ ստացված հաղորդագրությունների, անձնակազմը եւ բոլոր ուղեւորները զոհվել են: Անձնակազմի բոլոր հինգ անդամները հայեր էին: Ընդամենը օդանավում եղել է 32 ուղեւոր, այդ թվում՝ Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Ռահման Դադմանը, նրա 2 տեղակալները, Իրանի խորհրդարանի 7 պատգամավոր: Պատվիրակությունը Թեհրանից ուղեւորվում էր Գորգան՝ մասնակցելու տեղի օդանավակայանի բացման արարողությանը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պատասխանատուները օդանավի անձնակազմի անդամների մասին ստույգ տեղեկություններ դեռեւս չեն տալիս: Մինչդեռ, արտասահմանյան լրատվամիջացներն արդեն հաղորդել են օդանավի անձնակազմի անդամների անունները. հրամանատար՝ Աշոտ Ամիրբեկյան, երկրորդ օդաչու՝ Աբրահամ Վարդանյան, մյուս անդամները՝ Ռոդրիգ Հակոբյան, Համլետ Ուհաթյան եւ Սարգիս Գրիգորյան:

Ճշտվել է վթարի վայրը՝ Թեհրանից 150 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Արդեն ուղարկվել են փրկարար ջոկատներ, որոնք, սակայն, մառախուղի եւ անձրեւի պատճառով չեն կարողանում տեղ հասնել: 400 քառակուսի կիլոմետր տարածքում որոնման աշխատանքներին մասնակցում է մոտ 1000 մարդ:

Սա «Հայկական ավիաուղիներին» առնչվող առաջին խոշոր վթարն է: Ավիացիայի պատասխանատուները խուսափում են տեղեկություններ տալ վարձակալության տրված օդանավերի քանակի, դրսում աշխատող անձնակազմերի մասին: Վթարված «ՅԱԿ-40» օդանավը արտադրվել է 1978 թվականին: ՍՆԱՐՔ գործակալությունը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, հաղորդում է, որ վթարված օդանավը 2 ամիս առաջ Երեւանում ենթարկվել էր տեխնիկական քննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG