Մատչելիության հղումներ

Ստորագրվեց համատեղ գործողությունների ծրագիր


Ատոմ Մարգարյան, Երեւան
Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան խաչատրյանը այսօր ստորագրեցին մի փաստաթուղթ, որն անփոփում է սեպտեմբերի 25-26-ը Վաշինգտոնում կայացած՝ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնախմբի հինգերորդ նիստում մշակված համատեղ գործողությունների ծրագիրը:

Գործողությունների այս ծրագիրը պարունակում է այն պարտավորությունները, որոնք հանձնառում է Հայաստանի կառավարությունը ամերիկյան կառավարության տրամադրած ֆինանսական օգնության օգտագործման ընթացքում։

Վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն, շուրջ 90 միլիոն դոլար արժողության այդ ծրագրերը պետք է իրականացվեն աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման, դպրոցները ինտերնետ կապով եւ համակարգիչներով ապահովելու, կրթական, առողջապահական, պետական կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն եւ բիզնես միջավայրի բարելավման ոլորտներում։

«Ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ներդրողները պահանջում են արդար եւ կանխատեսելի միջավայր ստեղծել իրենց գործունեությունը ծավալելու համար, եւ նրանք դրան արժանի են», - համաձայնագրի ստորագրումից հետո լրագորղներին ասաց Ջոն Օրդուեյը:

Դեսպանի խոսքերով, այդ տեսանկյունից քննարկված հարցերից մեկը վերաբերում էր կոռուպցիայի խնդրին, որը չափազանց բացասական ազդեցություն ունի պոտենցիալ ներդրողների վրա։ «Հայաստանը պետք է կոռուպցիայի խնդին մոտենա ամենայն լրջությամբ եւ հետեւողականությամբ՝ եթե ցանկանում է արտասահմանյան ներդրողների համար գրավիչ դառնալ», - ասաց Օրդուեյը: - «Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն կընդունի եւ դրանից հետո վճռական քայլեր կձեռնարկի այն կյանքի կոչելու ուղղությամբ»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, ի պատասխան դեսպանի այս պահանջի, ասաց, թե մինչեւ այդ ծրագրի հաստատումը, կառավարությունն արդեն երկու տարի է, ինչ նրա առանձին տարրեր իրականացնում է. օրինակ՝ կրճատել է ստուգող բազմահազար տեսուչների քանակը, պարզեցվել է լիցենզավոման բարդ համակարգը, արագացրել է անշարժ գույքի եւ հողի սեփականության վկայագրերի տրամադրումը, պետական ներքին պարտքը 63 միլիարդ դրամից կրճատվել է 24 միլիարդ դրամի, իսկ հաջորդ տարիներին այն ընդհանրապես կվերացվի։

Նախարարը փորձեց դեսպանին եւ լրագրողներին համոզել, որ կոռուպցիայի առումով վիճակը այժմ ավելի լավ է, քան երկու տարի առաջ. - «Կոռուպցիոն մթնոլորտի տարբերությունը զգալի է: Իհարկե, դա չի նշանակում, որ դա վերջն է, ամեն ինչ արված է: Ոչ, իհարկե: Դա անընդհատ աշխատանք է, եւ այստեղ ես շատ կարեւորում եմ հասարակական վերահսկողության հարցը: Մեխանիզմների մասին է պետք մտածել»:

Խոսքը Համաշխարհային բանկի տրամադրած 345 հազար դոլար գդրամաշնորհի հաշվին մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մասին է, որը այսօր օրվա երկրորդ կեսին պետք է քննարկվեր ու վերջնականապես հաստատվեր կառավարության կողմից։

Նկատենք, սակայն, որ չնայած բերվող այս փաստարկներին կոռուպցիայի մակարդակը մնում է չափազանց բարձր։ Դրա անուղղակի ապացույցը վերստին արտաքին մասնավոր նեդրումների չափազանց փոքր ծավալներն են։ Նույն ամերիկյան մասնավոր աղբյուրներից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումները ավելի քան համեստ են:

Այդ տեսանկյունից դրական օրինակները, ցավոք, եզակի են: Դրանցից է, օրինակ, «Արմենիա» հյուրանոցային համալիրի մասնավորեցման ու նրանում շուրջ 22 միլիոն դոլարի ներդրման ծրագիրը, որին աջակցում է արտերկրում մասնավոր ներդրումների օժանդակության ամերիկյան կորպորացիան՝ ՕՊԻԿ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG