Մատչելիության հղումներ

Գիտնականները աշխատավարձի բարձրացում են պահանջում


Գայանե Դանիելյան, Երեւան
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կոլեկտիվի անունից եւ պահանջով, ԳԱԱ միացյալ արհմիութենական կոմիտեն հեռագրով դիմել է Հայաստանի նախագահին, Ազգային ժողովի նախագահին ու վարչապետին՝ պահանջելով հաջորդ տարվա բյուջեում նախատեսել գիտաշխատողնորի աշխատավարձի բարձրացում:

«Հայաստանի Հանրապետություն գիտությունների ազգային ակադեմիայի բազմահազարանոց կոլեկտիվը իր խորը վրդովմունք է հայտնում եւ պահանջում «2003 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում պարտադիր որոշում ընդունել գիտության բնագավառի աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին: Բավական է արհամարհել մեր մասնագիտական որակավորումը, ոտնահարել մեր քաղաքացիական արժանապատվությունը: Նման վերաբերմունքը հղի է անկանխատեսելի քայլերով», - ասվում է հեռագրում:

ԳԱԱ միացյալ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ակադեմիայի գիտաշխատողները «հերթական անգամ իրենց անտեսված ու արհամարհված են զգում», քանի որ իրենց աշխատավարձի բարձրացման մասին բյուջեի նախագծում խոսք չկա, մինչդեռ մի քանի անգամ բարձրանալու է պատգամավորների, դատավորների, դատախազների եւ այլ պետական ծառայողների աշխատավարձը:

«Այս բյուջեն նպաստում է, որպեսզի աղքատները ավելի աղքատ մնան, հարուստները ավելի հարստանան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատմական գիտությունների թեկնածու Ռոզա Գաբրիելյանը: Պատմաբան Գուրգեն Վարդանյանը վստահ է, որ պատգամավորների, դատավորների, պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումը կաշառառության դեմ պայքարի արդյունավետ միջոց չէ:

2003-ի բյուջեի նախագծում կրթության եւ գիտության ծախսերը ավելացել են՝ հասնելով 34 մլրդ դրամի: Գիտության ոլորտին հատկացվելու է միայն 3 միլիարդը, ինչը 8,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հատկացումները:

Անցնող տարվա ընթացքում գիտաշխատողները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով վճարել ուշացած աշխատավարձերը: Վերջին ցույցի ժամանակ նույնիսկ փակել էին Բաղրամյանի պողոտայի երթեւեկությունը: Գիտաշխատողների պահանջները բավական համեստ էին, քանի որ, Կիմա Եզիազարյանի խոսքերով, իրենք գիտակցում էին, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս խոսել աշխատավարձերի բարձրացման մասին:

«Այժմ մեզ զարմացնում է այն փաստը, որ, երբ բյուջեն լցվել է, երբ գանձարանը հագեցված է, կառավարությունը բոլորովին չի մտածում մտավորականության հոգսերը թեթեւացնելու մասին», - ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, թե հարկ է որ մտածեր, քանի որ գիտության դոկտորը մեր երկրում ստանում է 18-20 հազար դրամ, թեկնածուն՝ 14-15 հազար դրամ: - «Ընդամենը 2500 գիտական աշխատող ունի ակադեմիան: Եվ նրանց հարցը շատ հեշտությամբ, ցանկության դեպքում, կարելի էր լուծել»:

Հայաստանում, սակայն, գիտնականներից մեկի խոսքերով, նախագահը եւ կառավարությունը «մտավորականությամբ հետաքրքրվում են միայն ընտրություններից ընտրություն»:

2003 թվականից, ըստ «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի, գիտությունը պետք է ֆինանսավորվի տարեկան բյուջեի 3 տոկոսի չափով: «Երեք տոկոսի մասին, իհարկե, խոսք այսօր չկա», - ասաց Կիմա Եղիազարյանը: - «Խոսք կա, կարծեմ, 1,5 տոկոսի մասին, իսկ աշխատավարձի բարձրացման մասին ոչ մի խոսք չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG