Հրաչ Մելքումյան, Երեւան
Հայ եւ ադրբեջանցի գիտնականների մի խումբ, երկու երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, ստեղծել են ինտերնետային համակցված էջ՝ երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունը խրախուսելու նպատակով: Ադրբեջանական խումբը ղեկավարել է այդ երկրի Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի արդեն նախկին տնօեն Ալի Աբասովը: Հայկական խմբում ընդգրկված են եղել «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Հարություն Խաչատրյանը, տնտեսագետ Սուրեն Կարապետյանը , Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:
Համակցված էջում (www.dialoguearmaz.nt.am եւ www.dialogueazarm.com) արդեն երկու նյութ կա. մեկը հակամարտ կողմերի պատկերացումներն են ղարաբաղյան հակամարտության նախապատմության, սկզբնապատճառների եւ ընթացքի մասին: Մյուսը աշխատանքային խմբի պատկերացումներն են, թե երկու երկրները ինչպես կարող են համագործակցել մինչեւ հակամարտության կարգավորումը:
Հայ եւ ադրբեջանցի գիտնականների խումբը նաեւ համատեղ հետազոտական աշխատանք է կատարել՝ ուսումնասիրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկված տարբերակները, կարգավորմանը հասնելու ուղիները: Այդ աշխատանքի արդյունքում Բաքվում եւ Երեւանում միաժամանակ գրքույկ է հրատարակվել՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն:
Համատեղ ծրագիրը բավականին հավակնոտ անվանում ունի՝ «Ղարաբաղյան հակամարտության շրջանակում հայ-ադրբեջանական բանակցությունների մոդելի մշակում»: Նպատակը, ինչպես պարզաբանեց Հարություն Խաչատրյանը, հետեւյալն է. - «Խրախուսել երկխոսությունը երկու ժողովուրդների միջեւ՝ ձգտելով հնարավորինս մեղմացնել երկու երկրներում գերիշխող թշնամու կերպարը եւ դրա շնորհիվ նպաստել հաշտեցման եւ փոխադարձ զիջումների տրամադրություններին երկու երկրների հասարակական կարծիքներում»: