Մատչելիության հղումներ

2003-ին ավելանալու են ռազմական ծախսերը


Ատոմ Մարգարյան, Երեւան
Ազգային ժողովի պաշտպանության, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստից հետո, որի ընթացքում շարունակվեցին 2003 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, պաշտպանության, ազգային անվտանգության եւ արդարադատության նախարարները լրագրողներին որոշ պարզաբանումներ տվեցին իրենց տնօրինած բնագավառներին արվելիք հատկացումների վերաբերյալ։

Պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի պետական բյուջեի «Պաշտպանություն» հոդվածով կհատկացվի շուրջ 46 միլիարդ դրամ, որից զուտ ռազմական ծախսերը կկազմեն մոտ 41 միլիարդ դրամ, այս տարվա բյուջեով ծրագրված 33 միլիարդ դրամի դիմաց: Ռազմական ծախսերը, փաստորեն, ավելանալու են շուրջ 20 տոկոսով։

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ոչ մի երկրի պաշտպանության նախարար չի կարող գոհ լինել իր ոլորտի հատկացումներից: «Մեր բանակի հնարավորությունները, կրակային հզորությունը, մարտական պատրաստությունը միայն բյուջեով նախատեսված թվերի արդյունք չեն», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Իհարկե, ամենից հիմնականը դա է, ամենից մեծ չափաբաժինը բյուջեով նախատեսված գումարներն են, բայց կան նաեւ այլ միջոցներ... Մենք ունենք գործընկերներ, մենք ունենք բարեկամներ, որոնց հետ ունենք պայմանագրեր, եւ այդ պայմանագրերով նախատեսված է ռազմական համագործակցություն, ռազմական օգնության տրամադրում»:

Երկուշաբթի օրը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովին ներկայացնելիս, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, թե հաջորդ տարի ռազմական ծախսերն ամենեւին չեն ավելանալու, պարզապես լեգալացվելու են այն գումարները, որոնք կառավարության պահուստային ֆոնդի անվան տակ նախկինում հատկացվում էին ռազմական կարիքների համար։

Հայաստանի պաշտպանական համակարգի կարիքները բյուջեից զատ հավելյալ բավարարվում են նաեւ այդ բնագավառում գործընկեր երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հատկացրած միջոցների հաշվին: Սերժ Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ, ի հավելումն ռազմական ոլորտում գործող համագործակցույթան պայմանագրերի, եւս երկու պամանագիր կնքվել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի Հայաստան կատարած այցի ընթացքում, եւ շուտով դրանք կներկայացվեն Ազգային ժողովի վավերացմանը։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ռազմական ծախսերի շեշտակի աճը հաջորդ տարվա բյուջեում չի՞ մտահոգում իրեն, Սարգսյանը ասաց. - «Իհարկե, ունեմ մտահոգություն, որ այսօր Ադրբեջանը ցանկանում է 140 մլն դոլար բյուջեից ծախսել իր բանակի վրա: Բայց ես պարտավոր եմ ոչ միայն մտահոգություններով առաջնորդվել: Ես պարտավոր եմ իրական վիճակը տեսնել, որպեսզի վաղը կարողանանք մեր երկրի սահմանները պաշտպանել»:

Ադրբեջանի իշխանությունները եւս բանակին աջակցության, այսպես ասած, արտաբյուջետային ֆոնդեր են ստեղծել, ու մարդիկ հանգանակություններ են անում։ Ոմանք նույնիսկ այս ձեռնարկը ուղղակիորեն կապում են ղարաբաղյան պատարազմը վերսկսելու նախապատրաստությունների հետ։ Անդրադառնալով սրան, Հայաստանի պաշտպանության նախարարը ասաց. - «Առաջխաղացման տեմպերով մինչեւ հիմա չենք զիջել Ադրբեջանին եւ չենք զիջելու»:

Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի գնահատմամբ, հաջորդ տարվա համար կատարված հատկացումները (1 մլրդ դրամով ավելի, քան անցնող տարում) բավարար են առկա խնդիրները լուծելու համար:

2003 թվականին շուրջ 1 միլիարդ դրամով ավելանալու են նաեւ ոստիկանության, 700 միլիոն դրամով՝ դատական ոլորտների հատկացումները։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ բյուջեի նախագծով սահմանված 1000 դոլարին համարժեք բարձր աշխատավարձը եւ, միաժամանակ, պատժամիջոցների խստացումը, դատավորներին կհարկադրի ավելի ազնվորեն աշխատել:

Այդուհանդերձ, միայն աշխատավարձ բարձրացնելով ու նյութապես շահագրգռելով դատավորին, հնարավո՞ր է ապահովել նրա լիարժեք անկախությունը վերադաս այն կառույցներից, որոնք իրեն նշանակում եւ ազատում են։ Սա, անշուշտ, կոռուպցիայի եւ ճնշումների մեծ հավանականություն է պարունակում։ Պատասխանելով դատավորներին նշանակելու կարգը ընտրելու կարգով փոխարինելուն վերաբերող հարցին, Հարությունյանը պատասխանեց. - «Ես վստահ չեմ, որ ընտրովիության համակարգը, համենայն դեպս ժողովրդի կողմից ընտրովիության համակարգը արդյունավետ միջոց է մեր երկրում: Ես կարծում եմ, որ դատավորների ընտրովիության մենք չենք գնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG