Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը պաշտպանելու է «անցողիկ թեկնածուին»


Արմեն Զաքարյանը, Երեւան
«Բոլոր ընդդիմադիր ուժերը հակված եմ համախմբելու», - «Ազատություն» ռադիոկայանիհետ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը:

Նախկին վարչապետը մինչ այդ արդեն նշել էր, թե ընդդիմադիր ուժ է համարում ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ ՀԺԿ-ին: Նրանց երկուսի հետ էլ կա կապվածություն: «Մի դեպքում մենք կապված ենք Շարժման գաղափարներով, իսկ մյուս դեպքում՝ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսով», - ասել էր նա, - «ուստի կողմ եմ, որ ընդդիմադիր դաշտում առարկայանա համախմբումը, եւ ոչ թե տրոհումներ ու ինտրիգներ լինեն»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համագումարում նախագահի թեկնածու առաջադրի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սարգսյանը ասաց. - «Ես երբեք ոչինչ չեմ բացառում»: - Նախկին վարչապետը հավելեց, թե առաջդրվել-չառաջադրվելը նախկին նախագահի որոշելիքն է: - «Մենք միշտ կողմնակից ենք եղել անցողիկ թեկնածուի: Եթե այդ թեկնածուն կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը... կամ չգիտեմ ով, մենք կպաշտպանենք այդպիսի թեկնածուին: Լեւոն Տեր-ՊԵտրոսյանը որպես քաղաքական գործոն քաղաքական դաշտում կա՝ անկախ նրանից, ինքը գործունեություն ծավալում է թե ոչ»:

Արամ Սարգսյանը չհերքեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամները հանդիպումներ ունենում են Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ: «Նրանք իմ բարեկամներն են, որոնց հետ այսօրվա դրությամբ էլ շփվում եմ», - ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, սակայն, որ այդ շփումներում «նոր ակտիվություն» ինքը չի զգացել:

«Պիտի ասեմ, որ մեր կուսակցությունը միարժեքորեն կողմ է քաղաքական համախմբման: Դա է պատճառը, որ մենք բազմաթիվ ֆորմատներ ենք ուզում ստեղծել եւ շփվել մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից, թե իրենց գաղափարախոսությունը մեր գաղափարախոսության հետ համահունչ է թե ոչ՝ գլխավոր խնդիր ունենալով Հայրենիքը»:

«Հանրապետություն» կուսակցության համագումարի հետաձգումը, Արամ Սարգսյանը պայմանավորեց տեխնիկական պատճառներով: Համագումարը կանցկացվի դեկտեմբերի 3-ին, քանի որ դրան նախորդող բոլոր շաբաթ օրերին կառավարության նիստերի դահլիճը զբաղեցված կլինի այլ կուսակցությունների համագումարներով:

Համագումարում, բացի նախագագահի թեկնածու առաջադրելուց ու ծրագրային ելույթներից, «Հանրապետություն» կուսակցությունը հանդես կգա նաեւ օրենսդրական ոլորտին վերաբերող առաջարկներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG