Մատչելիության հղումներ

Քննարկվեցին ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների կազմակերպման հարցերը


Արմեն Զաքարյան, Երեւան
ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք տարի Հայաստանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2003» զորավարժությունների նախապատրաստմանն էր նվիրված Երեւանում երեքշաբթի օրը անցկացված սեմինարը:

Զորավարժություններին, որ կայանալու են 2003 թվականի հունիսի 14-26-ը, մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի եւ այլ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները:

17 երկրներից ժամանած 65 մասնակիցներին Հայաստանի զինված ուժերի անունից ողջունեց պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ Միքայել Մելքոնյանը:

«Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մենք համարում ենք մեր անվտանգության բաղադրիչներից մեկը: Հայաստանը այս դաշտում գործում է ոչ թե հակադրությունների, այլ փոխլրացման սկզբունքով», - ասաց Մելքոնյանը՝ նկատի ունենալով նատօյական «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագիրը եւ բացառապես ԱՊՀ երկրներից մի քանիսի միջեւ կնքված Հավաքական անվտանգության պայմանագիրը:

Երեւանյան սեմինարը, որը երկրորդն է զորավարժությունների նախապատրաստական սեմինարների շարքում (առաջինը տեղի է ունեցել Իտալիայում, ուր տեղակայված ՆԱՏՕ-ի Հարավային հրամանատարությունը, ի դեպ, ստանձնել հայաստանյան զորավարժությունների պատասխանատվությունը), հատկանշական է Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսաստանը չէր մասնակցել անցյալ տարի Վրաստանում անցկացված նույնանուն զորավարժություններին:

«Ամեն ինչ միջազգային պրակտիկայի շրջանակներում է, եւ մենք որեւէ արտառոց բան չենք տեսնում Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սեմինարի մասնակիցներից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Վալերի Դմիտրիեւը:

Գեներալ Մելքոնյանի կարծիքով, Ռուսաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի հայաստանյան զորավարժություններին, քանի որ այստեղ ռազմակայան ունի: «Ռուսաստանը չի կարող դեմ լինել Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնող որեւէ միջոցառման», - ասաց նա:

Հայաստանի զինվորականների մասնակցությունը, վրաստանյան զորավարժությունների համեմատ, կավելանա մոտ 10 անգամ: Ադրբեջանը հայաստանյան զորավարժություներին չի մասնակցի, իսկ Թուրքիայի մասնակցության ծավալը կորոշակիացվի դեռեւս անցկացվելիք սեմինարների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG