Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը մեծ ակնկալիքներ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից


Կարինե Քալանթարյան, Երեւան
Նոյեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Պրահա՝ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Չեխիայի մայրաքաղաքում հերթական անգամ հանդիպելու են Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը՝ քննարկելու Ղարաբաղյան խնդիրը: Մինչ այդ՝ նոյեմբերի 14-ին Վիեննայում իրենց հերթական հանդիպումն են անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների լիազոր ներկայացուցիչները՝ փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանն ու Արազ Ազիմովը:

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել էր, որ Վիեննայում լիազոր ներկայացուցիչները շարունակելու են իրենց քննարկումները, եւ պետք չէ առանձնակի նշանակություն տալ դրան:

Նույն տեսակետը այսօր հայտնեց Արկադի Ղուկասյանը:
«Լիազոր ներկայացուցիչների հանդիպումից լուրջ սպասումներ չունեմ», - ասաց նա: - «Մինչեւ նախագահական ընտրությունները չավարտվեն Հայաստանում եւ Ադրբեջանում, որեւէ ակնկալիք չունեմ: Ենթադրում եմ, որ ընտրություններից հետո ավելի ակտիվ միջնորդները կկազմակերպեն բանակցային պրոցեսը»:

Անդրադառնալով Քոչարյան - Ալիեւ հանդիպմանը, Ղուկասյանը ասաց, թե այդ հանդիպումները կարեւոր են, եւ նախընտրական շրջանը չի խոչընդոտի դրանց կայացմանը: «Բայց կսահմանափակեն այդ հանդիպումների հնարավորությունները: Բնական է, որ նախագահները պետք է զբաղվեն ընտրություններով», - ավելացրեց նա:

Հայաստանում նախագահական ընտրությունները կայանալու են առաջիկա փետրվարին: Եթե նկատի ունենանք, սակայն, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հաջորդ տարվա աշնանը, ապա կարելի է ենթադրել, որ ղարաբաղյան բանակցությունների ակտիվացում կարելի է ակնկալել միայն գալիք տարեվերջին:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին եւ վերջերս արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնած տեղեկությանը, որ այսօրվա դրությամբ սեղանի վրա կա մեկ առաջարկ, որի շուրջ քննարկումներ են անցկացվում, Արկադի Ղուկասյանը ասաց. - «Ես չեմ գտնում, որ կա նոր առաջարկ, երեւի խոսքը գնում է հին առաջարկների որոշ մոդիֆիկացիաների մասին: Ենթադրում եմ, որ դրա մասին էր խոսքը: Նոր առաջարկ չկա»:

Արկադի Ղուկասյանը, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ միասին Երեւանում այսօր մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ երկրի տնտեսության մեջ սփյուռքահայության ներդրումներին նվիրված քննարկմանը, որ անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-20 Փարիզում եւ նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում անցկացվելիք հանգանակությունների նախաշեմին: ԼՂՀ նախագահն ու վարչապետը ներկայացրին երկրում իրականացվող հարկային քաղաքականությունը, ներդրումների համար ստեղծված նպաստավոր դաշտը, կոչ արեցին Հայաստանի եւ սփյուռքի գործարարներին ակտիվորեն մասնակցել «Հյուսիս - Հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտ դրամահավաքին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG