Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ ՀԷՑ-ում աուդիտի իրականացման մանրամասները հանրության համար հստակ չեն


Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կմեկնարկի միջազգային աուդիտը, և հանրությունը հնարավորություն կունենա ստանալ իր հարցերի պատասխանները:

«Եթե ՀԷՑ-ում թալան կա, թող աուդիտ արվի, և թող թալանի մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն», - հավելել է վարչապետն ու պնդել, որ եթե անգամ ռուսական ընկերությունում չարաշահումներ հայտնաբերվեն, դրանք Հայաստանի կառավարության հետ որևէ առնչություն չունեն:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, աուդիտի իրականացման մանրամասները հանրության համար հստակ չեն, կա գործընթացի թափանցիկության խնդիր: Մանուկյանը «աբսուրդ» է որակում վարչապետի հայտարարությունները․ - «Բիբինն էլ էր ասում, որ այս ոլորտի խաղացողների համար ֆինանսական մեխանիզմները համապարտ պատասխանատվություն չեն կրել: Այսինքն՝ արտադրական գրաֆիկները եղել են ոչ իրատեսական: Ինչի արդյունքում, օրինակ, ձևավորվել է որոշակիորեն պարտքի բաժին: Եվ Բիբինի ինտերվյուից մենք տեսանք, որ 2015 թվականին Բնական պաշարների և էներգետիկայի նախարարությունը նոր փորձել է ինչ-որ մեթոդաբանություն անի: Ի՞նչն էր խանգարում, որ 2012-ին այս մեթոդաբանությունը աներ և 37 միլիարդ դրամի կարգի վնասը չջարդվեր ժողովրդի գլխին»:

«Աուդիտորական ընկերությունը պարտավոր չէ թալանի ու չարաշահման փաստեր բացահայտել, եթե աուդիտորի առջև դրված չեն կոնկրետ առաջադրանքներ ու խնդիրներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բեյքեր թիլլի Արմենիա» միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերության գլխավոր տնօրեն Փառանձեմ Գևորգյանը՝ փաստարկելով․ - «Հակառակ դեպքում աուդիտորը միայն ուսումնասիրելու է ֆինանսական փաստաթղթերի արժանահավատությունը, դրանց հիման վրա կազմված ֆինանսական հաշվետվությունները, դրանց զերծ լինելը խեղաթյուրումներից, ընդ որում՝ էական խեղաթյուրումներից»:

Հովիկ Աբրահամյանը երեկ կրկին հորդորել է հոսանքի թանկացման դեմ պայքարողներին մասնակցել ՀԷՑ-ի աուդիտին։ Բաղրամյան պողոտան ավելի քան տասը օր փակ պահած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը առայժմ հստակ որոշում չունի: Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի խոսքով, հավանաբար չեն մասնակցի, եթե աուդիտը լինի միայն ֆինանսական՝ առանց հստակ տեխնիկական առաջադրանքների․ - «Եթե լինի տեխնիկական աուդիտ, մասնագետների հետ քննարկումից հետո կհասկանանք՝ կմասնակցե՞նք, թե՞ ոչ: Այդ մասով այդքանը կարող եմ ասել: Ու հրավեր էլ, որպես այդպիսին, դեռ չի եղել, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ ֆորմատով ենք մասնակցելու, այնտեղ մենք վերահսկողի դեր ունենալո՞ւ ենք, թե՞ չէ, ի՞նչ ինֆորմացիա ենք տիրապետելու, ի՞նչ հնարավորություններ ենք ունենալու»:

XS
SM
MD
LG