Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը նոր պահանջներ է առաջադրում


Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, արխիվ:

Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, արխիվ:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛ Հայաստան» շարժումն ավելացնում է պահանջները և հայտարարում՝ գնում են իշխանափոխության։

Գործընթացի մեկնարկը կարող է տրվել այսօր երեկոյան՝ հանրահավաքի ժամանակ:

«Այսօր երեկոյան, եթե այստեղ լինի այդ կրիտիկական զանգվածը, մենք գնալու ենք ամբողջ հրապարակը շրջափակելուն: Դրանով կաթվածահար կանենք կառավարության և մի շարք պետական մարմինների գործունեությունը և դրանով կստիպենք, որ իշխանությունները ուղղակի հեռանան», - ասաց շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

Հանրապետության հրապարակը շրջապատել պատրաստվող ակտիվիստներն ակնկալում են նաև ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունն ու նրանց ժամանակավոր կառավարություն ձևավորելու կոչ անում։

«Քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը պետք է մի կողմ թողնեն իրենց տարաձայնությունները, լինեն հրապարակում ու պայքար տանեն այս խնդիրները լուծելու համար», - իր կարծիքը հայտնեց Սանասարյանը:

Արդեն երկու շաբաթ Հանրապետության հրապարակում շուրջօրյա նստացույց անցկացնող շարժման անդամները նախկինում մի քանի անգամ Հանրապետության հրապարակ մտնող փողոցները փակելու փորձեր ձեռնարկել են, ցանկալի արդյունքին, սակայն, չեն հասել:

Այսօր «Ոտքի՛ Հայաստան»-ը 15 կետանոց բարեփոխումների ցանկ է հրապարակել՝ թալանի վերացումից մինչև բանակի արդիականացում, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ են համարում հեռացնել իշխող կուսակցությունն ու նախագահ Սերժ Սարգսյանին։

Անկախ այսօրվա զարգացումներից, շարժումը չի դադարեցնի արդեն երկրորդ շաբաթը շարունակվող շուրջօրյա նստացույցը: Ուժի մեջ են մնում նաև նրանց հիմնական պահանջները՝ պատասխանատվության ենթարկել էներգետիկ համակարգը ճգնաժամի հասցրած անձանց, ազգայնացնել ՀԷՑ-ն ու պաշտոնանկ անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ Այս վերջին պահանջի համար հրապարակում սկսվել է ստորագրահավաք․ մեկ շաբաթում հավաքվել է 18 հազար ստորագրություն:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG