Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման հիմնավորվածությունը կուսումնասիրի «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը


Կառավարությունը 230 հազար դոլար կվճարի «Դելոյթ քընսալթինգ» ընկերությանը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան թանկացնելու հիմնավորվածությունը ուսումնասիրելու համար:

«Խորհրդատվական այս ծառայությունը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը չէ, բայց արդյունքները կգոհացնեն հանրությանը», - համոզված է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - «Դելոյթ և Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմնավոր հիմքեր կունենանք»:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, 16 շաբաթում ընկերությունը պետք է ուսումնասիրի էլեկտրաէներգիան արտադրողից մինչև սպառող հասնող շղթան, պատասխանի երկու հարցի՝ արդյոք հիմնավորվա՞ծ էր օգոստոսի 1-ից հոսանքի թանկացումը և ինչպիսի՞ վտանգների առջև կկանգներ էներգետիկ համակարգը սակագինը չբարձրացնելու դեպքում։

«Կամ՝ կա՞ն այնպիսի խնդիրներ, այնպիսի պոտենցիալ, որ հանձնաժողովը իր վերլուծությունների ժամանակ հաշվի չի առել, մեր եղած ներուժը ամբողջությամբ չի ներգրավել, նաև դրա արդյունքում էլ որոշակի սակագնի նվազում ունենալ», - հավելեց Նազարյանը:

ՀԷՑ-ում չարաշահումների փաստերն ուսումասիրող տնտեսագետ Արտակ Մանուկյանը, սակայն, պաշտոնյաների լավատեսությունը չի կիսում: Նրա կարծիքով, այս ուսումնասիրությունը չի բացահայտի հանրությանը հուզող ՀԷՑ-ի միլիարդավոր կորուստներն ու հնարավոր չարաշահումները․ - «Ուղղությունների մեջ դրված չէ 48 դրամ սակագնի հիմնավորվածության հարցը, և որ ամենակարևորն է՝ արդյո՞ք 48 դրամ սակագնում կան չարաշահումներ: Այդ հարցի պատասխանը եթե չկա, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն, ինքը չի կարող երբեք բավարարել հանրության կողմից առաջադրված պահանջները»:

230 հազար դոլարանոց խորհրդատվական ծառայությունը չի պատասխանի հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ ՀԷՑ-ի կառավարումը, բայց, ինչպես վստահեցրեց Ռոբերտ Նազարյանը, բաշխիչ ընկերությունում ևս ուսումնասիրություններ կանցկացվեն․ - «Օրինակ, այն խորհրդատվական ընկերությունը, որի մասին ես քիչ առաջ ասացի, որ պետք է իրա ուսումնասիրությունը կատարի, չի բացառվում, որ ինքը ոչ միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» մտնի, այլ նաև՝ կայաններ, բազաների ճշգրտման առումով, մեր ներկայացված բազաները համալրելու հետ կապված խնդիրներ․․․»:

Միջազգային ընկերությունը խորհրդատվական ծառայություն կսկսի կառավարության հետ պայմանագիր կնքելուց հետո: Հստակ ժամկետներ դեռ չեն նշվում: Առայժմ բաց է մնում նաև ռուսական ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հարցը:

Կառարավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այս հարցի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

XS
SM
MD
LG