Մատչելիության հղումներ

logo-print

Գործարար. Վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ իշխանության խոստումներն «առոչինչ էին»


Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Շատերի համար անակնկալ էր իշխանությունների վերջին հայտարարությունը, թե հոսանքի թանկացումն իրենց համար չի փոխհատուցվի։

Բազմաթիվ գործարարների բարկացրել է վարչապետի հայտարարությունը, թե հոսանքի թանկացումը միայն բնակիչների համար է փոխհատուցվելու։

Կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր՝ խոշոր բիզնեսը փոխհատուցում չի ստանա, իսկ փոքր և միջին ձեռներեցների հարցում դեռ հստակեցում չկա։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Գործարար, Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի խոսքով, վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ իշխանության խոստումներն առոչինչ էին։

«Ինձ թվաց՝ էդ օրն ապրիլի 1-ն է եղել, վարչապետը մեզ հետ հումոր է անում, բայց վերջը հասկացա, որ հումոր չեն անում, և սա շատ վտանգավոր քայլ է, որ իրենք այսպես են մտածել։ Այսինքն, այսքան պայքարը, որ տեղի ունեցավ, որ չթանկացվի, սուբսիդավորվի, ոչ մի բանի չի ծառայել։ Փաստորեն, մենք նորից կանգնած ենք ինչ-որ մի հսկայական պատնեշի առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արտահանողների միության նախագահը։

Սուրճի արտադրությամբ զբաղվող գործարարն ընդգծեց՝ էլեկտրաէներգիայի ավելի քան 16 տոկոս թանկացումը լուրջ հարված կհասցնի արտադրողներին, կբարձրանա մատուցվող ծառայությունների ու ապրանքների ինքնարժեքը, կնվազեն արտադրության ու սպառման ծավալները։ Նրա խոսքով, անցած երեք տարիներին հոսանքի թանկացումների պատճառով ինքն արդեն երկու անգամ բարձրացրել է սուրճի գինը։

«Մենք չենք կարողանում ընդամենը մեկ տարի ամբողջությամբ առանց հարվածների ապրել, անընդհատ մեզ մոտ, մի քանի ամիսը մեկ, ինչ-որ մի հատ այսպիսի մեծ հարված կա, որը պետք է մեր տնտեսությանը խոցի և մեր տնտեսությունն իր հերթին արյունահոսի։ Չի կարելի, մենք պետք է ստաբիլություն ունենանք, եթե ստաբիլություն չունեցանք, մենք չենք կարող ո՛չ արտահանել, ո՛չ ներքին շուկայում ապրանք ծախել», - ասաց գործարարն՝ ավելացնելով. - «Մեզ չեն թողնում, որ մենք նստենք, մտածենք զուտ մեր աշխատանքի մասին, մեր մարկետինգի մասին, մեր վաճառքների մասին։ Իրենք անընդհատ կողմնակի այնքան պրոբլեմներ են ստեղծում, որ մարդ այլևս չի կարողանում հստակ իր գործի մասին մտածել»։

Գործարարը տարակուսում է՝ եթե ինքը արդեն պետք է բարձր գնով վճարի հոսանքի դիմաց, ի՞նչ նպատակով է ՀԷՑ-ում անցկացվելու աուդիտ, որի մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չսպասած դրան՝ մենք այդ թանկացումը համարում ենք, որ լեգալ է, բայց դա այդպես չէ», - ասում է նա:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր, թե պետությունը հնարավոր է՝ օգնի ամսական մինչև 250 կՎտ հոսանք սպառող փոքր բիզնեսին: Որոշումը կհստակեցվի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումից հետո։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյան, արխիվ

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյան, արխիվ

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, մինչդեռ, նշում է՝ Հայաստանում գործում է ավելի քան 50 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց գերակշիռ մասը վարչապետի նշած թվից մի քանի անգամ ավելի էլեկտրաէներգիա է օգտագործում։

«Հրուշակեղենի արտադրությունը, որը բավականին էներգատար է, կամ, ասենք, տարբեր փաթեթավորումների, պլաստիկ իրերի, հալեցվող նյութերի, մետաղական կամ պենոպլաստե արտադրությունների համար բացարձակապես չեն կարող այսպիսի չնչին բոնուսով կոմպենսացիա անել», - ասում է Մակարյանը:

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում մոտ 30 տոկոսով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը։ Հոսանքի հերթական թանկացումը նոր հարված կհասցնի արտահանող ընկերություններին, ասում է Հայաստանում արտադրված սուրճը աշխարհի մի շարք երկրներ առաքող գործարար Րաֆֆի Մխչյանը:

«Վերցրեք ԵՏՄ-ի մեջ հոսանքի արժեքները՝ Բելառուսում, Ղազախստանում: Ոչ մի տեղ այդպիսի գումար չկա, ինչքան որ Հայաստանում է: Ի վերջո պիտի տնտեսական պարամետրերը իրար նման լինեն, եթե մենք Մաքսային միություն ենք, որպեսզի մենք կարողանանք իրար հետ աշխատել, իրար հետ մրցել», - ասում է գործարարը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ, բնակչության օգտագործած էլեկտրաէներգիան ընդհանուր սպառման ծավալի 1/3-ն է, այսինքն՝ հոսանքի թանկացման ամբողջ բեռը իր վրա վերցնելու՝ իշխանության խոստումը գումարի ընդամենը երեսուն տոկոսին է վերաբերում։

Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի տվյալները հանձնաժողովը ՀԷՑ-ից կստանա մինչև սեպտեմբերի 25-ը: Առայժմ հստակ չէ՝ բնակիչների կտրոնների վրա ինչ սակագին է նշված լինելու և ինչ մեխանիզմով է կատարվելու սուբսիդավորումը։ Չնայած խոստումներին՝ կառավարությունը փոխհատուցման մասին որոշում դեռ չի կայացրել։

XS
SM
MD
LG