Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա


Նալբանդյան․ ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկնաբանել է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հիշեցնենք, բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

Պատասխանելով մեր հարցին՝ «Պարոն նախարար, ի՞նչ կասեք Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ում կայացված որոշման մասին ադրբեջանական մեկնաբանությունների վերաբերյալ», Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է․ - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում կամ հովանու տակ կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է Եվրադատարանի որոշումը: - «ՄԻԵԴ-ի որոշումը, փաստորեն, վերջ դրեց Հայաստանի ժխտողականությանը՝ կապված Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթմանը առնչություն և Ադրբեջանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու հետ», - ասված է պաշտոնական Բաքվի տարածած հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարը հակադարձում է․ - «Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա»:

Էդվարդ Նալբանդյանը հավելում է․ - «Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին: Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում: Դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում: Այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում»:

XS
SM
MD
LG