Մատչելիության հղումներ

Հայաստանում դեմ են Մինսկի խմբի ընդլայնմանը


Հայաստանում դեմ են Մինսկի խմբի ընդլայնմանը
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը Գերմանիայով և Թուրքիայով համալրելու Ադրբեջանի առաջարկը նորություն չէ:

«Դա միշտ էլ եղել է Ադրբեջանի երազանքը: Իր խնդիրը ոչ թե Գերմանիան է, այլ իրական նպատակը Թուրքիան է, որը միանշանակ նույնական է Ադրբեջանի հետ: Տվյալ պարագայում Գերմանիան ուղղակի առաջ է տանում՝ մեկ նպատակի հասնելու համար․ որպեսզի Թուրքիան լինի միջնորդ: Բնական է, հայկական կողմերը դրան դեմ են», - ասաց Քոչարյանը:

Հարցին, թե արտասովոր չէ արդյոք այն փաստը, որ Մինսկի խումբը ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն այս անգամ բարձրաձայնեց Երևանում՝ չբացառելով նաև առաջարկի քննարկումը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Բոլոր առաջարկություններն էլ կարելի է քննարկել: Հայկական կողմերը երբեք դրան չեն համաձայնի»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ պաշտոնական Բաքվի առաջարկների ներկայացումը Երևանում կարծիքների շոշափման նպատակով է արվում․ - «Առաջին իսկ օրվանից թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը կտրականապես դեմ են եղել այլ ֆորմատներում հարցի կարգավորմանը, որովհետև Մինսկի խումբը ունի հստակ ձևաչափ, հստակ մանդատ, որը վերանայելու որևէ ցանկություն հայկական կողմերից չկա»:

Նախկին արտգործնախարարը ևս ասում է, որ Մինսկի խմբից Ադրբեջանի դժգոհությունը, այդ խումբը այլ կառույցներով փոխարինելու առաջարկներն ու փորձերը նոր չեն: Իսկ դժգոհությունները տարբեր ատյաններում բարձրացնելը ճնշում գործադրելու դիվանագիտական միջոց է․ - «Դա տակտիկա է բանակցային, որում արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Վստահ եմ, որ միջազգային հանրությունն էլ բազմիցս, բոլոր ատյաններում հայտարարել է, որ ճանաչում է Մինսկի խումբը որպես բանակցությունների միակ ֆորմատ: Եվ եռանախագահությունը նախագահների մակարդակով բազմիցս վերահաստատել է, որ հարցը պետք է ստանա միայն խաղաղ կարգավորում և միայն Մինսկի խմբի շրջանակներում»:

Արզումանյանի խոսքով՝ Մինսկի խմբի մանդատը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ, և դրա նախադրյալները չկան․ - «Մինսկի խմբին մանդատ է տվել ԵԱՀԿ գագաթնաժողովը՝ 55 նախագահների մասնակցությամբ, և այդ մանդատը կարող է փոխարինվել միայն նման ֆորմատով, ինչի որևէ նախադրյալ այսօր չի երևում: Ինքը Մինսկի խումբը իրավասու չէ նման հարցեր լուծելու»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով, հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխություն ինչպես մինչև այժմ, այս փուլում էլ չի կարող լինել: Ըստ նրա, ԵԱՀԿ ձևաչափը համալրելու կամ չհամալրելու հարցը քննարկելու փոխարեն, շահագրգիռ կողմերը պետք է զսպեն Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները:

«Մի կարևորագույն գործընթաց կա, որ պետք է ապահովեն բոլոր այն պետությունները և կառույցները, որոնք ցանկություն ունեն խնդիրը տեսնել խաղաղ կարգավորման հունում: Դա Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելն է և Ադրբեջանին բերել մի դաշտ, որտեղ հնարավոր կլինի խոսել կոնկրետ բանակցային դետալներից և թույլ չտալ Ադրբեջանին յուրաքանչյուր անգամ ձախողել ձեռքբերումները և փորձել ձևախեղել բանակցային գործընթացը», - եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG