Մատչելիության հղումներ

Ադրբեջանը առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը


Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի փոխանցմամբ, Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը:

Շաբաթասկզբին Բաքվում ունեցած հանդիպումներից հետո Դաչիչը այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշեց․ - «Ադրբեջանը առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Կարծում եմ, սա նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար մենք կոսենսուսով կայացված որոշման կարիք ունենք, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից: Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»:

Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն շարունակաբար դժգոհում է 23 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծված միջնորդական այս խմբի աշխատանքից:

«Ազատության» հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ադրբեջանի այս առաջարկության կապակցությամբ, արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանն արձագանքեց․ - «Հայաստանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը բավական արդյունավետ ձևաչափ է, որի շրջանակներում հնարավոր է հասնել կարգավորման»:

Այսօր Երևանում ԵԱՀԿ գործող նախագահին հանդիպեց նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Բանակցություններից հետո Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Ազատության» հարցին, թե ինչպես են Ադրբեջանի առաջարկությանը վերաբերում Ստեփանակերտում, պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ ներկայիս գործող ձևաչափը իր ձևով ամենաօպտիմալն է, և ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում պայմանավորված է ոչ թե Մինսկի խմբի կազմով, այլ հենց ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, նման առաջարկ անելով՝ Բաքվում նպատակ ունեն ոչ միայն փոխել Մինսկի խմբի ձևաչափը, այլև ձգտում են շրջանցել Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ կենտրոնանալով միայն Ռուսաստանի ուղղությամբ: Այդ մասին, նրա համոզմամբ, վկայում է Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարի այցը Մոսկվա» - «Մենք պետք է սպասենք Պուտինի նոր նախաձեռնությանը՝ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում՝ հիմնված Սոչիի նախադեպի վրա, որը ուղերձ կլինի Արևմուտքին, որ միայն Ռուսաստանը դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտությունում»:

Ըստ Կիրակոսյանի, ղարաբաղյան ուղղությամբ Ռուսաստանի սպասվող ակտիվության պատճառը Մոկսվայի ցանկությունն է՝ Ադրբեջանին ևս տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում:

Այսօրվա ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը նաև հայտարարեց, որ կազմակերպությունը պետք է ուսումնասիրի Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների կողմից տարածաշրջանին վաճառվող սպառազինությանը վերաբերող հարցերը:

XS
SM
MD
LG