Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ գործող նախագահը քաղաքական կամք է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կողմերից


Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի քաղաքական կամքի առկայության դեպքում, Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը երեկ այցելել է Բաքու, որտեղից կմեկնի Թբիլիսի, այնուհետև՝ հունիսի 3-ին կժամանի Երևան:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Քաղաքական կամք պետք է դրսևորեն բոլոր կողմերը: Ես արտահայտեցի իմ վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ: Հավատում եմ՝ Մինսկի խմբի ջանքերով մենք կկարողանանք հասնել երկարատև կարգավորման», - Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Իվիցա Դաչիչը:

Իր խոսքում ԵԱՀԿ-ում նախագահող պաշտոնյան նաև ընդգծել է Մինսկի խմբի համանախագահող երկրների հատուկ պարտավորությունները և դրանց հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: «Նրանք պետք է հասնեն հրադադարի պահպանման մասին համաձայնագրից բխող բոլոր պահանջների կատարմանը», - նշել է Դաչիչը:

Սերբ պաշտոնյան հայտնել է, որ Երևանում հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը առաջ է քաշելու մի քանի նախաձեռնություն:

«Կարծում եմ՝ մենք պետք է կատարենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն ու խուսափենք երկակի չափանիշներից», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Դաչիչը ադրբեջանական կողմին խոստացել է նաև մեկ այլ հարց բարձրացնել Երևանում՝ Լեռնային Ղարաբաղում մի շարք հանցագործություններում մեղավոր ճանաչված և ազատազրկված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հարցը: «Ես հայկական կողմի ուշադրությանը կներկայացնեմ նախարար Մամեդյարովի առաջարկությունը այդ մարդկանց ազատ արձակելու վերաբերյալ: Բանակցությունների արդյունքների մասին կհաղորդեմ ադրբեջանցի գործընկերոջս», - ասել է Դաչիչը:

«Պարոն Դաչիչի այցից հետո ես ակնկալում եմ ինչ-որ տեղաշարժ ղարաբաղյան հակամարտության հարցում», - իր հերթին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ընդգծելով, որ «եկել է հարցը մեռյալ կետից շարժելու ժամանակը»:

«Բոլոր կողմերը շահագրգիռ են հակամարտության կարգավորմամբ: Համանախագահող երկրները նույնպես ձգտում են հասնել առաջընթացի: Հնարավոր է, որ առաջիկայում հաջողվի կազմակերպել հանդիպում՝ եթե ոչ հակամարտության վերջնական կարգավորման, ապա դրան տանող ինչ-որ ուղի ընտրելու: Բնականաբար, դա կլինի Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ APA գործակալության՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարներին, Բաքվի և Բելգրադի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում: «Հատուկ անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, մասնավորապես՝ շփման գծի միջադեպերին, խնդրի լուծման ձգձգմանը և այդ հակամարտության նկատմամբ երկակի ստանդարտների մոտեցմանը», - փոխանցում է աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG