Մատչելիության հղումներ

Գորիսի արյունալի միջադեպի գործից «կարևոր փաստաթղթեր են անհետացել»


Գորիսի արյունալի միջադեպի գործից «կարևոր փաստաթղթեր են անհետացել»
please wait

No media source currently available

0:00 0:05:55 0:00

Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց, թե Սյունիքի մարզպետի տան մոտ մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործից անհետացել են կարևոր փաստաթղթեր, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը չի կատարել դատարանի որոշումը և չի ձայնագրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հեռախոսային խոսակցությունները:

Փաստաբանը ընդգծեց, որ ցայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել կորած կարևորագույն փաստաթղթղերի և դատարանի որոշումը չկատարելու համար, ինչը Հայաստանում քրեորեն պատժելի է․ - «Հեռախոսային օպերատորից քննիչը ստացել է հեռախոսային խոսակցությունների վերծանում՝ ով ում է զանգահարած եղել դեպքի ընթացքում դեպքից առաջ, դեպքից հետո: Վերծանումները դիտվել են քննիչի մոտ, ընթերակաների մասնակցությամբ, տպվել են պրինտերով: Նշված է, որ տպագրվեց 26 թերթ, որոնք կցվեցին քրեական գործին: Եվ հիմա քրեական գործում 26 թերթի փոխարեն 16 թերթ է կցված: Ընդ որում, Սուրիկ Խաչատրյանի հեռախոսազանգերի․․․ դեպքի ժամանակահատվածում, դեպքից կարճ ժամանակ առաջ, դեպքից որոշ ժամանակ հետո, արձանագրված է 26 թերթ, հիմա գործին կցված է 16-ը: Հետո հեռախոսային մի ուրիշ օպերատորից են պահանջվել վերծանումներ, որովհետև տարբեր հեռախոսային օպերատորների հեռախոսահամարներ են օգտագործել, ու էլի Սուրիկ Խաչատրյանի հեռախոսի հետ կապված արձանագրված է 24 թերթ, գործին կցված է 22-ը»:

Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ դեպքի ժամանակ քնած է եղել եւ անգամ կրակոցների ձայնից չի արթնացվել: Ըստ Ալումյանի, եթե հեռախոսային խոսակցությունների վերծանումները անհետացած չլինեին, հնարավոր կլիներ պարզել, թե իրոք քնած եղել է Սյունքի մարզպետը, երբ իր տան մոտ սպանվում էր Ավետիք Բուդաղյանը․ - «Այն թերթերը, որոնք մնացել են քրեական գործում, այդ թերթերից չի հետևում, որ դեպքի ժամանակահատվածում իր հեռախոսից զանգեր են եղել: Բայց եթե 26 թերթն էլ կցված լիներ, կարող է պատկերը ուրիշ լիներ»:

Ըստ փաստաբանի, արյունալի միրջադեպից օրեր անց՝ հունիսի 15-ին, դատարանը որոշել է նաև 30 օր շարունակ գաղտնալսել ու ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսային խոսակցությունները: Հուլիսի վերջին ՊՆ քննչական ծառայության քննիչ Ալեքսան Ղազարյանը, ում որոշմամբ, ի դեպ, Տիգրան Խաչատրյանը 2013-ի սեպտեմբերին ազատվեց կալանքից, փորձել է ԱԱԾ-ից ստանալ ձայնագրությունները, սակայն, Ալումյանի խոսքով, նրան հայտնել են, որ խոսակցությունները չեն ձայնագրել:

Փաստաբանի փոխանցմամբ, քննիչը դա դատարանում հիմնավորել է հետևյալ կերպ․ - «Մինչև հուլիսի 15-ը ինքը սպասում էր, որ իրենք (ԱԱԾ-ն) կձայնագրեն։ Հուլիսի 15-ից հետո, որ ԱԱԾ-ից լուրեր չի ունենում, անհանգստանում է, բայց զբաղված է լինում, չի գնում ԱԱԾ: Հետո․․․ հուլիսի 30-ին գնում է ԱԱԾ: Գնում է սկզբում գլխավոր մուտք, որտեղ, իր խոսքով՝ արական սեռի երեք ներկայացուցիչ զինվորական հագուստով իրեն արգելեցին ներս մտնել, ասացին՝ գնա մտիր ուրիշ մուտքից: Ինքը մի ուրիշ մուտքից է փորձում ներթափանցել ԱԱԾ, թույլ չեն տալիս, ասում են՝ սպասեք: Եվ ասում է՝ եկավ մի կին, չներկայացավ, պատուհանի այն կողմից ասաց, որ մենք չենք կարողացել տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կատարել: Ու ասում է՝ ես գնացի իմ աշխատասենյակ և այնտեղ այդ ամեն ինչը արձանագրեցի: Սա քննիչի ցուցմունք էր»:

Հայկ Ալումյանը հավելեց․ - «Դատարանի որոշումը բոլորն են պարտավոր կատարել, իսկ դատարանի որոշումը չկատարելը պատժվում է քրեական օրենքով»:

Օրվա ընթացքում ո՛չ ՊՆ քննչական ծառայությունից, ո՛չ ԱԱԾ-ից պարզաբանում չներկայացրեցին Հայկ Ալումյանի այս հայտարարությունների կապակցությամբ:

Հիշեցնենք՝ մոտ 2 տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը: Իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց նաև սպանության հատկանիշներով: Սակայն տեղի ունեցածից մոտ երեք ամիս անց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ, Խաչատրյանն ու Նիկողոսյանը ազատ արձակվեցին՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ: Փոխարենը մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, ով, ըստ նախաքննական մարմնի, «սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, թե Հայաստանում կոպտորեն խախտվել են իր և իր ընտանիքի անդամների իրավունքները:

XS
SM
MD
LG