Մատչելիության հղումներ

logo-print

Ալումյան. «Կա տեղեկանք. Սուրիկ Խաչատրյանը եղել է 3 անգամ դատապարտված»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագործակցությունը ուժային կառույցների հետ արտացոլվում է Ավետիք Բուդաղյանի սպանության քրեական գործի բոլոր էջերում», - Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց ուրբաթ օրը մարզպետարանի աշխատակիցներին ողջունելիս Սուրիկ Խաչատրյանի հնչեցրած հայտարարություններին։

Վերանշանակված մարզպետն իր խոսքում հատուկ շնորհակալություն էր հայտնել մարզի բոլոր ուժային կառույցներին տարիների համագործակցության համար, թվարկելով մարզի կարևոր սուբյեկտներին՝ «դա կայազորի հրամանատարն է, Ազգային անվտանգության ծառայության պետն է, դատախազն է, դատարանի նախագահն է, ոստիկանապետն է իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել ենք էս տարիների ընթացքում համագործակցել»։

«Մի անգամ ևս համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, կենտրոնը Սյունիքն է»,- հավելել էր Խաչատրյանը։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն ու, առհասարակ, այս անձի վերանշանակումը մարզպետի պաշտոնում արդեն զրկում է «գոնե տեսական հնարավորությունից, որ այս գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարող է օբյեկտիվ քննվել»։ Առավել ևս, որ փաստաբանի բնորոշմամբ՝ ոստիկանությունում ի սկզբանե բոլոր փաստերը «խեղաթյուրվել են»:

«Քրեական գործից երևում էին այդ համագործակցության հետևանքները, քրեական գործից շատ լավ է երևում, թե ինչ արդյունքների բերեց, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի և տեղի ոստիկանապետի համագործակցությունը։ Հենց առաջին իսկ ժամերից քրեական գործը սկսել է խեղաթյուրվել։ Այն ապացույցները, որոնք պետք է անմիջապես ամրագրվեին, անտեսվել են, խուզարկություն Սուրիկ Խաչատրյանի տանը չի եղել և այսօր ունենք բացարձակ խեղաթյուրված քրեական գործ»,- նշեց Հայկ Ալումյանը,- «Ինչ վերաբերում է դատարանի նախագահի հետ համագործակցությանը, իհարկե սպասելի էր, որ այդպիսի համագործակցություն եղել է, կա ու կլինի, բայց որ այդ մասին այդքան պարզ, բացահայտ կասվի՝ դա մի քիչ ինձ զարմացրեց ուղղակի»։

«Սկզբում Սյունիքի ոստիկանության մակարդակով շատ բաներ քողարկվեցին, հետո համագործակցությունը ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց», - հավելեց փաստաբանը, հիշեցնելով Գլխավոր դատախազ, այն ժամանակ զինդատախազի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոստանյանի հայտարարությունները դեպքից մի քանի օր անց, ով «դեռ քրեական գործից մի հատոր չքննված, սկսեց նկարագրել ինչը ոնց է եղել, հետո գործը սկսեց հարմարեցվել այդ հայտարարությանը»։

Ինչ վերաբերում է իշխող Հանրապետականից հնչող հիմնավորումներին, թե Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետ, քանի որ «պարզվեց, որ ոչ մեկին չի սպանել», Հայկ Ալումյանը հակադարձեց. - «Որոշ անիրազեկ քաղաքացիներին (ՀՀԿ-ական կլինի, «Ալ-Քաիդա»-ից, թե ուրիշ այլ տեղից) նախ ասեմ, որ քրեական գործի չորրորդ հատորում կա պաշտոնական տեղեկանք այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը նախկինում եղել է երեք անգամ դատապարտված վեց տարբեր հանցագործությունների համար։ Այսինքն Սուրիկ Խաչատրյանի նախկին դատվածությունները այսօր հաստատված փաստ են։ Եթե Սյունիքի մարզպետ նշանակելու մրցույթի պարտադիր պայմաններից մեկն է նախկինում դատվածություն ունենալը և առավելությունը տրվում է առավել շատ դատվածություն ունեցողներին, ապա նա իսկապես հենց այն մարզպետն էր, որը պետք է Սյունիքում նշանակվեր»:

Հակ Ալումյանը շարունակեց․ - «Ինչ վերաբերում է Բուդաղյանների գործով Սուրիկ Խաչատրյանի մասնակցության աստիճանին. անվիճելիորեն հաստատված է, որ այդ օրը Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայի մեջ ծեծել է Սուրիկ Խաչատրյանը։ Երկրորդը, մինչև այսօր չի բացատրված՝ ինչպես են տեղի ունեցել վերևից ներքև կրակոցները։ Ավետիք Բուդաղյանի մահացու կրակոցներից մեկը, ըստ դատաբժշկի եզրակացության, եղել է վերևից ներքև ուղղությամբ։ Չէ՞ որ իրենք ասում են, որ բացի Սուրիկ Խաչատրյանից ուրիշ մարդ չի եղել այդ առանձնատանն այդ պահին»։

«Ազատության» զրուցակից իրավապաշտպանները նորմալ էին համարում, որ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրապարակավ երախտապարտ լիներ ուժայիններին։

«Եթե այդ ուժային կառույցների ներկայացուցիչները և Սյունիքի մարզի դատարանի նախագահը լինեին իրենց տեղում, ապա Սուրիկ Խաչատրյանը դեռ տարիներ առաջ կհայտնվեր ուղղիչ աշխատանքային գաղութներում, մեկուսարանում, այլ ոչ թե կրկին կզբաղեցներ մարզպետի աթոռը»,- նշեց իրավապաշտպան, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը,- «Ինքը այդ աթոռին նստած է և կարողացել է տարիների ընթացքում կոծկել իր չակերտավոր քաջագործությունները և իր գերդաստանի չակերտավոր քաջագործությունները կոնկրետ այդ մարդկանց շնորհիվ: Պարզ է, որ պետք է հենց առաջին հերթին նրանց շնորհակալություն հայտներ, որովհետև ինքը վստահ է, որ նույն կերպ ինքը շարունակելու է իր ձեռագիրը և ունի այդ ուժային կառույցների ներկայացուցիչների աջակցությունը մոտ ապագայում»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ, այնուհանդերձ իշխանությունները չկարողացան որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու մարզպետ նշանակելիս ընտրությունը կանգ առավ հենց Սուրիկ Խաչատրյանի վրա. - «Տրամաբանական բացատրություն ես չեմ տեսնում, բացի այն, որ իշխանությունը բացարձակապես արհամարհում է իր ժողովրդին։ Սա կարծես հեռու միջնադարյան, ֆեոդալական մի երկիր է, որտեղ ֆեոդալները իշխում էին ճորտերին և ստրուկներին և իրենց ցանկությամբ ցանկացած պաշտոնի ցանկացած մարդու նշանակում էին։ Սա ես համարում եմ մեր նորօրյա պատմության ամենախայտառակ էջը»։

XS
SM
MD
LG