Մատչելիության հղումներ

Դատաբժիշկը հաստատել է՝ Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից


Փաստաբան Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյան

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ սպանված Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ նշվածը ևս մեկ փաստարկ է, որ եղել են կրակողներ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից:

«Այսպիսով թիվ մեկ մուտքի անցքով սկսվող կույր վերքային խողովակը մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունի աջից ձախ, վերևից ներքև, առջևից հետ ուղղություն», - դատաբժշկի եզրակացությունը մեջբերեց Ալումյանը։

«Քննիչի որոշման մեջ այս հարցը որևէ կերպ չի լուսաբանվում, քննիչը ցույց չի տալիս, թե որ պահին է այս վնասվածքը հասցվել, ինչու է ուղղությունը վերևից ներքև»,- ընդգծեց փաստաբանը։

Ալումյանը ներկայացրեց իր բացատրությոնը, թե վերևից ներքև կրակոցը ինչի հետևանք կարող էր լինել.- «Երկու տարբերակ կարող է լինել. կարող է կրակողը եղել է վերևում, և այդ դեպքում դա հենց այն մարմնական վնասվածքն է, որի մասին իր ցուցմունքում նշել է իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը, որ կրակոց տեսավ նաև վերևից, այսինքն առանձնատան երկրորդ հարկից։ Հնարավոր է, որ դա հենց այդ կրակոցի հետևանքն է։ Եվ երկրորդ տարբերակն էլ այն է [ես ուղղակի երրորդ տարբերակ չեմ պատկերացնում], որ կոնկրետ այդ կրակոցը եղել է ոչ առանձնատնից, բայց այդ վնասվածքը ստանալու պահին Ավետիք Բուդաղյանը արդեն եղել է ընկած վիճակում, այսինքն սա ևս գալիս է հաստատելու, որ ինքնապաշտպանությունը բացառված է»։

«Սա եղել է դիտավորյալ սպանություն, ընդ որոշում 104-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից։ Ակնհայտորեն այս քրեական գործով պարտակվել է առանձնապես ծանր հանցագործություն ու պարտակվել է այսպիսի եղանակներով՝ ինչ-որ բաներ չասելով, ինչ-որ բաներ չվերլուծելով, ինչ-որ փաստաթղթեր դատարանից թաքցնելով»,- պնդում է փաստաբանը։

Հայկ Ալումյանը հավելեց՝ այն, որ տեղի է ունեցել սպանություն և ոչ թե ինքնապաշտպանություն, փաստում է նաև այն հանգամանքը, որ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա կա թիկունքից հասցված հրազենային վնասվածք:

«Բայց երբ ինչ-որ մեկին կրակում են հետևից առաջ, դա կոչվում է թիկունքից կրակոց, որը Խաչատրյանների պաշտպանները անընդհատ փորձում էին հերքել, ու հետո պատճառաբանում են, որ կրակել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, դա իրար բացառող բան է»,- ասաց նա։

Թե ինչո՞ւ է քննիչ Ալեքսան Ղազարյանը, ինչպես նշեց Ալումյանը, անտեսել Բուդաղյանին վերևից ներքև հասցված հրազենային վնասվածքի փաստը, այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Այնտեղից, սակայն, մեզ փոխանցեցին, թե կարձագանքեն ավելի ուշ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր «Ազատության» հետ զրույցում «մանիպուլյացիա» որակեց Հայկ Ալումյանի ներկայացրածը, թե Բուդաղյանի ստացած վերևից ներքև վնասվածքը վկայում է, որ տեղի է ունեցել սպանություն:

«Վերևից վար... բայց դա չի նշանակում, որ ուղիղ վերևից վար եղավ։ Բավական է մարդը մի փոքր կզի, ասենք, հատակի ուղղությամբ մի քանի աստիճան թեքություն ունենա, և այդ վնասվածքը կառաջանա։ Դրա վերաբերյալ փորձագետները արդեն եզրակացություն տվել են։ [Ալումյանը] մի մասը կարդում է, մյուս մասը չի կարդում, որ այդ վնասվածքը ստացել է, քանի որ եղել է զենքի փողի նկատմամբ այն դիրքում, որ գնդակը կարող էր պատճառել այդ վնասվածքը։ Չէ՞ որ այդ մարդը գետնին պառկած է եղել, ընկած է եղել։ Բայց դա չի նշանակում, որ նա ընկած ու պառկած պետք է մնար»,- ասաց Սահակյանը՝ պնդելով, որ «միանշանակ ինքնապաշտպանություն է եղել»։
XS
SM
MD
LG