Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը ազատ են արձակվել


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատունը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատունը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ազատ են արձակվել, նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։

Ինչպես փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, «հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»:

«Վերոգրյալը հիմք ընդունելով սեպտեմբերի 7-ին որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը։

Նախկին մարզպետի որդու պաշտպանը ավելի վաղ միջնորդել էր դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և ազատ արձակել Խաչատրյանների՝ Գորիսի տան մոտ տեղի ունեցած հայտնի արյունալի միջադեպի հետևանքով կալանքի տակ գտնվող երիտասարդին։

Հունիսի 1-ի այս միջադեպի ժամանակ, հիշեցնենք, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։

Խաչատրյանը և Նիկողոսյանը մեղադրվում էին երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ:
XS
SM
MD
LG