Մատչելիության հղումներ

Եվրադատարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության ժխտման գործով դատավարությունը


Եվրադատարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության ժխտման գործով դատավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկեց շուրջ 9 տարի քննվող այս գործի դատավարությունը:​

Հայտնի թուրք ազգայնական Դողու Փերինչեքի՝ տասը տարի առաջ Շվեյցարիայում արած հայտարարությունը՝ թե Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է», այսօր նրան դատարան բերեց հետևյալ խոսքերով ՝ ես եկել եմ այստեղ պաշտպանելու եվրոպացիների ազատությունը:​

Հիշեցնեմ՝ 2007թվականին Փերինչեքը դարձավ առաջին անձը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այդ որոշմամբ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:​

Պաշտոնական Բեռնը, ընդդիմանալով այս որոշմանը, բողոքարկեց Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը՝ պաշտպանելով սեփական օրենսդրությունը։​

Ֆրանսիա – Հայ ցուցարարները ակցիա են անցկացնում Եվրադատարանի մոտ, Ստրասբուրգ, 28-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա – Հայ ցուցարարները ակցիա են անցկացնում Եվրադատարանի մոտ, Ստրասբուրգ, 28-ը հունվարի, 2015թ․

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը, այսօրվա դատական նիստն անցավ լարված մթնոլորտում. Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարակից մի մայթում հայ, մյուսում՝ թուրք ցուցարարներ էին: Մի մայթից պատժելու կոչեր էին հնչում, մյուսից՝ արդարացման:

Իրեն համեմատելով Ջորդանո Բրունոյի հետ` Փերինչեքը դատարանում ասաց, որ «այսօր կանգնել է դատարանի առջև հանուն եվրոպացիների ազատության»։ Ապա հայտարարեց, թե ընդունում է, որ եղել է բռնագաղթ, հայեր են սպանվել, սակայն այդ ամենն ըստ նրա՝ ցեղասպանություն չէ։​

«Ես այդ մասին հայկական և ռուսական աղբյուրներից 90 կիլոգրամ փաստաթուղթ եմ ներկայացրել դատարանին», - ասաց թուրք քաղաքական գործիչը՝ նշելով նաև, թե իբր իր դիրքորոշումը պաշտպանել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։​

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ Փաշան, Փերինչեքի համոզմամբ՝ հայերի բարեկամն է եղել:​

Թալեաթը թուրքական Հիտլերն է՝ իր ելույթում Փերինչեքին հակադարձեց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Ջոֆրի Ռոբերթսոնը: Հայոց ցեղասպանության անհերքելի փաստերի շարքը շարունակեց Հայաստանի շահերը պաշտպանող մյուս փաստաբանը՝ հանրահայտ Ամալ Քլունին:

Ֆրանսիա – Հայաստանը ներկայացնող փաստաբաններ Ամալ Քլունին (աջից) և Ջոֆրի Ռոբերթսոնը մտնում են Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստերի դահլիճ՝ Փերինչեքի գործով լսումներին մասնակցելու համար, 28-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա – Հայաստանը ներկայացնող փաստաբաններ Ամալ Քլունին (աջից) և Ջոֆրի Ռոբերթսոնը մտնում են Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստերի դահլիճ՝ Փերինչեքի գործով լսումներին մասնակցելու համար, 28-ը հունվարի, 2015թ․

«Զանգվածային սպանությունների վերաբերյալ փաստերը ակնհայտորեն հաստատում են, որ 1915թ տեղի ունեցածը ցեղասպանություն էր և դրա կազմակերպիչները ցեղասպանություն իրականացնելու հատուկ նպատակ էին հետապնդում», - հայտարարեց փաստաբանը: Խոսքի ազատության պաշտպանության անհրաժեշտության մասին թուրքական պնդումներին ի պատասխան էլ Քլունին հիշեցրեց Հրանտ Դինքի, Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակի և մարդու իրավունքների խախտումների մասին՝ և շեշտեց, որ Դինքի սպանությունը թուրք ազգայնականների ձեռքի գործն է:​

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում մի քանի ժամ տևած աղմկահարույց գործի լսումներն ավարտվեցին:​

Եվրոպական դատարանը վճիռը կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:​

Հիշեցնենք՝ Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան, Հունաստանը, որտեղ նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG