Մատչելիության հղումներ

Հայաստանը Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ում հանդես կգա որպես երրորդ կողմ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստ, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստ, արխիվ

Հայաստանի Հանրապետությունը Եվրադատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ, այսօր փոխանցում է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Եվրադատարան էր դիմել օգոստոսի 20-ին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը:

Նիստը նախատեսված է 2015 թվականի հունվարի 28-ին: Մինչ այդ, հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիստում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտին Շվեյցարիայի դատարանը, երկրում գործող օրենքի համաձայն, պայմանական ազատազրկման էր դատապարտել և տուգանք էր սահմանել Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանության ուրացման համար: Անցած տարվա դեկտեմբերին Եվրադատարանը արդարացրեց թուրք ազգայնականին, սակայն Շվեյցարիայի կառավարությունը դիմեց Եվրադատարանի Մեծ պալատին՝ հորդորելով վերանայել այդ վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG