Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չի բացառում, որ եռյակը իշխանությունների հետ շփումներ կսկսի


ԲՀԿ-ն չի բացառում, որ եռյակը իշխանությունների հետ շփումներ կսկսի
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

«Բարգավաճ Հայաստանը» չի բացառում, որ եռյակը իշխանությունների հետ շփումներ կսկսի, սակայն կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է՝ անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունից հետո իրենք բանակցելու պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել:

«Հենց որ կլինի պաշտոնական հարցադրում, այդ դեպքում նաև պաշտոնական որոշում կլինի: Ցանկացած դեպքում եռյակը ինքն է որոշելու իր շփման ձևաչափը և որակը», - ասում է Մելքումյանը:

Երեկ Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին խոսեց ոչ իշխանական ուժերի հետ բանակցություններից, ասելով, որ Հանրապետականը պատրաստ է քննարկել եռյակի պահանջը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

«Մենք կառուցողական ենք, և ուզում ենք ընդդիմության հետ աշխատել», - ասել էր վարչապետը, հավելելով, թե՝ ոչ իշխանական ուժերի հետ «խոսում, բանակցում» են, և ինչ խոստացել են՝ ապագայում իրականացնելու են:

«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը ասաց, որ որևէ բանակցության մասին ինքը տեղյակ չէ և առաջին անգամ այդ մասին վարչապետից է լսում:

«Գիտեմ այնքան, որքան դուք գիտեք, որ երեկ երեկոյան կարդացի համացանցում, որ ինքը այդպիսի հայտարարություն է արել: Այլ շփումների մասին ես տեղյակ չեմ», - ասաց նա:

Բանակցությունների և հարցը քննարկելու վերաբերյալ անորոշությունը էլ ավելի սրեց Հանրապետական խմբակցություն ղեկավար Վահրամ Բաղդասարյան, ով այսօր ասաց, թե պատրաստ են բանակցել, բայց նրանց առաջ քաշած նախապայմանը՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը,ժամանակավրեպ է։

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի՞նչ քննարկման մասին էր խոսում, նա պատասխանեց, որ ինքն էլ է ասում՝ քննարկման պատրաստ են, սակայն դա չի նշանակում, որ Հանրապետականը պարտավորվում է 100-տոկոսով համամասնականի անցնելու օրինագծին կողմ քվեարկել։

«Եթե իրենք ուզում ենք քննարկել, կարող ենք ունենալ քննարկում, բայց իրենք իմպերատիվ պայման են դնում։ Մենք նման պայմաններ չենք ընդունում։ Եվ ինձ թվում է՝ դա քննարկման կարիք ունի սահմանադրական փոփոխությունների քննարկումից հետո։ Ի՞նչն է իրենց հրատապությունը, որ ուզում են դեռ ընտրություններից երեք տարի առաջ այդ հարցը քննարկել»,- ասաց Բաղդասարյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ հիմա պատրաստ են եռյակի հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կանդրադառնան միայն ընտրություններից մեկ կամ մեկ ու կես տարի առաջ։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եռյակի՝ բանակցությունների չգնալու մոտ 10 օր առաջ կայացված որոշումը ուժի մեջ է, իրենք առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրեն և քննարկման կդնեն 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրացուցակները հրապարակելու հարցը։

Զուրաբյանի խոսքով՝ այդ նիստն ու հանրապետականների քվեարկությունը ցույց կտա՝ որքանով է անկեղծ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմախոսների հետ քննարկումների գնալու և 12 կետերը վերանայելու կոչը։

XS
SM
MD
LG