Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն կասկածում է, որ Փաշինյանի՝ իմպիչմենտի նախագիծը հաջողություն կունենա


Իշխող Հանրապետականը խիստ կասկածում է, որ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը հաջողություն կունենա:

Այս մասին երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ուրբաթ օրը Փաշինյանը դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։ «Ազատության» հետ զրույցում պատգամավորն ասել էր, որ որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար:

Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ է տալիս պատգամավորին որոշման նախագիծը արտահերթ կարգով լիագումար նիստում քննարկման դնել, եթե 24 ժամվա ընթացքում նրան հաջողվի ստանալ գործընկերների 44 ստորագրությունները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի այս հարցում ստանալ գործընկերների աջակցությունը, միևնույն է Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու որոշումը խորհրդարանում ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 66 ձայն։ Սա նշանակում է, որ առանց Հանրապետական պատգամավորների աջակցության որոշումը չի ընդունվի։

Թերևս այս հանգամանքը հաշվի առնելով Հանրապետականի խոսնակը համոզված է՝ Փաշինյանի նախաձեռնությունը ոչ մի արդյունք չի ունենալու՝ ակնարկելով նաև, որ ոչ իշխանական ուժերը իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց չունեն:

«Ես շատ խիստ կասկածում եմ, որ այդ գործընթացը ոչ միայն հաջողություն, այլ նաև որևէ լուրջ առաջընթաց կունենա, որովհետև արդեն կան քաղաքական ուժեր, որոնք բացասաբար են խոսում այդ գործընթացի մասին, նաև իրենց օրակարգում նման խնդիր չկա»,- ասել է Շարմազանովը։

Այն, որ ոչ իշխանական ուժերի օրակարգում այսօր չկա Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց, «Ազատության» հետ զրույցում նշեց նաև եռյակի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ եռյակն ունի իր ծրագիրը և առաջ է շարժվում է այդ ծրագրով:

«Սահմանադրության կասեցում, 12 կետերի կատարում, Ընտրական օրենսգիրք՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ, ընտրական ցուցակների հրապարակում և արտահերթ ընտրություններ։ Հիմա տեղավորվո՞ւմ է, թե՝ չի տեղավորվում... տեսեք՝ կան տեխնիկական խնդիրներ, կան դետալներ, կա տակտիկա, կա ստրատեգիա, պետք է քայլերով գնալ։ Պետք չէ որևէ շարժումներ անել, որոնք կարող են դիտարկվել, որ տեղին չեն, պատեհ չեն այս վայրկյանին։ Մենք մեր ծրագրով գնում ենք»,- ասաց Մելքումյանը.- «Ծրագիր կա, ծրագիրը իրականացնում ենք, հիմա դուք ուզո՞ւմ եք, որ մենք շեղվենք մեր ծրագրից»։

Խորհրդարանում ԲՀԿ-ն իր մեծությամբ երկրորդ ուժն է և ունի 36 պատգամավոր: Այսինքն առանց «Բարգավաճ Հայաստանի» Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանում անգամ քննարկվել չի կարող:

Իսկ ինչ վերաբերում է ոչ իշխանական մյուս ուժերից «Ժառանգության» դիրքորոշմանը, ապա խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ գաղափարը ընդունելի է, «Ժառանգությունը» բազմիցս է խոսել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն իրենք դիրքորոշում կհայտնեն, երբ կծանոթանան Փաշինյանի որոշման նախագծի հիմնավորմանը:

«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասել է՝ Փաշինյանի նախաձեռնությունը ընդունելի է իր համար է և պատրաստ է պաշտպանել այն: Ավելին՝ Արզումանյանն ընդգծել է՝ Փաշինյանն իր այս քայլով կհստակեցնի՝ ոչ իշխանական ուժերից ի վերջո ով է ընդդիմություն, ով՝ ոչ:

«Ըստ ստորագրությունների պարզ կլինի՝ այն մարդիկ, ովքեր խոսում են իշխանափոխության մասին, «Բարգավաճը» ունի 37 հոգանոց ֆրակցիա, իրենց նույնիսկ իմ ձայնը այնտեղ պետք չէ, «Բարգավաճն» ու ՀԱԿ-ը կարող են իրար հետ այդ 44 ստորագրությունը հավաքել։ Տարբեր գնահատականներ կան, գուցե սա մինի լյուստրացիայի գործընթաց է ընդդիմության դաշտում»,- ասել է Արզումանյանը։

Հավելենք, որ դեռևս պարզ չէ այս հարցում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Կոնգրեսում նման հարց չի քննարկվել:

XS
SM
MD
LG