Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարում է, թե Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, և եռյակը չունի ամբողջական օրակարգ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը հստակեցրեց, թե մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն ո՛չ շարժման հռչակման, ո՛չ էլ հրապարակային գործունեությունը շարունակելու վերաբերյալ, մինչդեռ ինքն արդեն մշակել է մի նախագիծ, որն ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի առաջ շարժվել:

«Այդ փաստաթղթի հիմնական սկզբունքներն այն են, որ շարժումը հռչակվում է ղեկավարների միացյալ ստորագրությամբ: Երկրորդը՝ որ նպատակն է ազատ, անկախ և սահմանադրական Հայաստանը, որ հիմնական միջոցը՝ այդ նպատակին հասնելու համար անհապաղ, ամբողջական և համակարգային իշխանափոխություն է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով, որ միասին պետք է լծվենք խորհուրդներ, գրասենյակներ ստեղծելու աշխատանքին, որ որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա և որ շարժումը բաց է բոլորի առաջ», - իր նախագծի հիմնական դրույթները ներկայացրեց «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ քանի դեռ այս հարցերի պատասխանները չկան, հնարավոր չէ խոսել միացյալ շարժման, որոշումների կամ գրասենյակների բացման մասին․ - «Մենք հավատում ենք շարժմանը, բայց արդեն ճշմարտության պահը եկել է և կոչ եմ անում, որ բաց, հրապարակային, ժողովրդին հաշվետու եղանակով մենք հասնենք համաձայնության սկզբունքների և հետագա գործողությունների վերաբերյալ: Հույսը վերջինն է մեռնում, և հույս ունեմ, որ նոյեմբեր ամսին մենք կունենանք միասնական առաջարկ Հայաստանի ժողովրդին»:

«Ժառանգությունը» չի հստակեցնում՝ դուրս կգա՞ արդյոք եռյակից այս համաձայնությանը չհասնելու դեպքում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ դեկտեմբերի 10-ին կմիանան Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին, բայց նաև սեփական օրակարգ ունեն․ անհապաղ և ամբողջական իշխանափոխության պահանջով «Ժառանգությունը» դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաք կանցկացնի, հաջորդ օրը՝ Վանաձորում և Գյումրիում:

«Տասը հոգի լինի, թե տասը հազար՝ մենք լինելու ենք հրապարակում», - խոստացավ Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հարցերի չպատասխանեց, սակայն անդրադարձավ նաև հայկական ուղղաթիռի խոցմանը՝ դա բնորոշեց որպես պետական ահաբեկչություն, անմարդկային քայլ:

Ընդդիմադիր առաջնորդի համոզմամբ, սա արդեն վերջին ցուցիչն է, թե իրականում ինչ նպատակներ ունի Բաքուն, բայց նաև տարակուսանք հայտնեց՝ ինչու էր ուղղաթիռն այդքան մոտեցել սահմանին:

«Որևէ պատճառ կամ պատրվակ չկա, որ Արցախի ուղղաթիռը թշնամու դիրքերից 150 մետր մոտիկությամբ պիտի զորավարժության մասնակցեր և սա ևս պատասխան է պահանջում արդեն հայկական կողմից, Արցախի կողմից», - նշեց նա:

«Ժառանգության» առաջնորդը հպարտանում է իր կուսակից Դավիթ Սանասարյանով, ով արդեն չորրորդ օրն է՝ հացադուլ է անում ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ուղղաթիռի անձնակազմին հայրենիք վերադարձնելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց պայքարել՝ առանց առողջությունը վնասելու, ասաց՝ «Դավիթ, խնդրում եմ, որ դուրս գաս հացադուլից»:

Հատկապես այս միջադեպից հետո, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլևս կասկած չկա, որ պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությանը, այսպես լուծել անվտանգության հարցը՝ չսպասելով հաջորդ ուղղաթիռի կործանմանը: Ճանաչման օրինագիծը բազմիցս խորհրդարան բերած «Ժառանգությունը», սակայն, նոր փորձեր չի անի:

«Քանի դեռ Հայաստանում չկա նոր իրավակարգ, լեգիտիմ իշխանություն, քանի Հայաստանը և Արցախը մեր ազգային օջախը կարգի չեն հրավիրել, իրավունքի երկիր չեն դարձրել, մենք չենք բարձրացնի այս հարցը այլևս», - նշեց Հովհաննիսյանը:

«Ժառանգությունը» վերահաստատում է՝ դեմ են քվեարկելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, այն հակասում է ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն և ազգային շահին:

«23 տարի առաջ, որ պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, դա չարեցի մեր սերունդների համար, որ 23 տարի հետո զիջենք այդ ազատությունը և անկախությունը: Դրա համար չէր», - ափսոսանքով ասաց «Ժառանգության» առաջնորդը:

XS
SM
MD
LG