Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ն ասում է՝ ՀՀԿ-ի հետ բանակցությունների չի գնա


«Մենք բանակցությունների չենք գնալու, եթե մինչև հիմա չեն հասկացել, ապա թող ականջալուր լինեն»,- այսպես հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

Հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը հայտարարեց, թե իրենք դեռ սպասում են 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի», տվյալ դեպքում՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանին:

«Մենք ակնկալում ենք, որ նաև «Բարգավաճ Հայաստանը» պատասխանի, քանի որ այդ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հստակ կարծիք չի արտահայտել։ Ավելին՝ Լևոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանն են կարծիք արտահայտել: Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ էլ Ռուբիկ Հակոբյանին։ Դուք տեղյակ եք, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հանրապետական կուսակցությունը ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք»,- ասաց Շարմազանովը։

Եռյակի ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» այս շաբաթ նիստ անցկացրեցին և որոշեցին 12 կետերի շուրջ իշխանությունների հետ քննարկումների մեջ չմտնել, քանի որ ինչպես Լևոն Զուրաբյանն էր փոխանցել եռյակի դիրքորոշումը, Հանրապետականն այդ կերպ փորձելու է ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ և անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ և արդյունքում կոտրել համաժողովրդական շարժման թափը:

Եռյակի որոշումից բացի երեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ ԲՀԿ-ն նույնպես հրաժարվել էր 12 կետերի շուրջ բովանդակային քննարկումների մեջ մտնել իշխանության հետ: Ինչպես «Ազատությանը» փոխանցել էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, կառավարությունը իրենց պահանջները կատարելու համար բավարար ժամանակ ուներ:

Թե ինչու է եռյակի որոշումից և ԲՀԿ-ականների հայտարարություններից հետո Հանրապետականը դեռ սպասում Գագիկ Ծառուկյանի պատասխանին, պարզ չէ:

Սակայն ԲՀԿ կուսակցության խոսնակն այսօր ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իշխանությունների հետ բանակցությունների չեն գնալու.- «Ակնհայտ է, որ համաժողովրդական ճնշումը ստիպում է նրանց հնարավորություններ փնտրելու, ժամանակ շահելու կամ փոխգործակցության պատրաստակամության շղարշ ու ձև ստեղծելու։ Ո՛չ, մենք բանակցությունների չենք գնալու, եթե նրանք մինչև այդ դա չէին հասկացել, ուրեմն հիմա թող ականջալուր լինեն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ փոխանցե՞ց նաև Գագիկ Ծառուկյանի տեսակետը, Ուրիխանյանը արձագանքեց.- «Ինձ զարմացնում է Ձեր հարցը, Դուք դիմում եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին, կուսակցության խոսնակին և հետո փորձո՞ւմ եք ինչ-որ բաներ ճշգրտել»։

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն, այսօր «Ազատության» հետ զրույցում արձագանքելով Հանրապետականի խոսնակի հայտարարությանը, թե դեռևս ԲՀԿ-ից կոնկրետ պատասխան չեն ստացել և սպասում են Գագիկ Ծառուկյանի արձագանքին՝ հակադարձեց, թե իրենք էլ կարող են հետևյալ հարցադրումը անել՝ արդյոք Շարմազանովը Հանրապետականի պաշտոնական տեսակետն է ներկայացրել:

Ամեն դեպքում Միքայել Մելքումյանն ընդգծեց՝ երբ այս շաբաթվա սկզբին մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված քննարկմանը, նա ներկայացնում էր կուսակցության տեսակետը, որի համաձայն իրենք նպատակահարմար չեն գտնում իշխանությունների հետ 12 կետերի շուրջ բանակցությունների մեջ մտնել:

ԲՀԿ պատգամավորի փոխանցմամբ՝ անցած ամիսների ընթացքում իշխանությունը բավականաչափ ժամանակ ուներ այդ 12 պահանջներից գոնե մի քանիսը իրականացնելու համար։

«Ինչը՞ քննարկենք, չէ՞ որ ելնելով սեպտեմբերի 30-ից հետո իրականացված քաղաքական գործընթացներից, մենք էլ մեր քայլերի տրամաբանությունը պետք է ունենանք։ Դրանք հակադրության մեջ կմտնեին։ Այսինքն մի կողմից մենք պահանջում ենք, որ գնա շտաբների կառուցում, իշխանափոխություն և այլն, մյուս կողմից մասնակցում ենք... Մենք ասել ենք, որ դուք ժամանակ ունեիք, պետք է իրականացնեիք կամ հայտարարեիք դրա մասին, ուստի որևէ բանակցային և բովանդակային քննարկում չի լինի»,- ասաց Մելքումյանը։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է ստիպում Շարմազանովին նման հայտարարություն անել, Մելքումյանը պատասխանեց.- «Ներողություն, իսկ դա Հանրապետականի պաշտոնակա՞ն կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանի պատասխանին են սպասում, թե նորից անձնական կարծիք է»։

«Այսինքն սա մանիպուլյացիա՞ է»,- այս դիտարկմանն էլ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց.- «Դա էլ քաղաքական գործընթացների մաս է, ես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել։ Գործընթացները բնականոն գնում են, մենք գնում ենք մեր ծրագրով»։

Հարցին, թե գնո՞ւմ են դեպի արտահերթ ընտրությունների, Մելքումյանը արձագանքեց.- «Այն քաղաքական օրակարգը, որ մենք ձևակերպել ենք, բոլորը ուժի մեջ են՝ սահմանադրական փոփոխություններ կասեցում, 12 կետեր, Ընտրական օրենսգիրք, որից կբխի նաև արտահերթ ընտրությունների իրականացումը։ Բայց, իհարկե, դեպքերը պետք է հասունանան»։

XS
SM
MD
LG