Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական պատգամավոր. Եռյակի առաջնահերթ խնդիրը տարածքային շտաբների ձևավորումն է


ԲՀԿ-ական պատգամավոր. Եռյակի առաջնահերթ խնդիրը տարածքային շտաբների ձևավորումն է
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ, այս պահին եռյակի առաջնահերթ խնդիրը համաժողովրդական շարժման տարածքային շտաբների ձևավորումն է, ինչի մասին վերջին հանրահավաքում խոսել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Իսկապես սա շատ կարևոր է», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մարգարյանը` պարզաբանելով. - «Եթե մենք արագ չձևավորենք սրանք, հնարավոր չի լինի առաջ գնալ: Շարժումը Ազատության հրապարակից պետք է տեղափոխվի նաև, ընդգրկի նաև ողջ երկիրը: Շարժումը միայն Ազատության հրապարակում չի լինում: Բողոքի կամ պահանջների ակցիաները միայն Ազատության հրապարակով չեն պարփակվելու: Դրանք պետք է տարածվեն ամենուրեք: Ամենուրեք տարածվելու պարագայում է միայն հնարավոր իշխանություններին պարտադրել անելու այդ քայլերը: Դրան զուգահեռ մենք գնալու ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Քանի որ մենք հայտարարել ենք, որ օրենսգրքի փոփոխություններից հետո գնալու ենք ընտրությունների, այդ շտաբները վստահաբար կատարելու են նաև այդ դերակատարումը ընտրություններ անցկացնելու համար»:

Հարցին, թե արդյոք մտավախություն չունեն, որ իշխանությունների վրա ճնշումը մեծացնելու նպատակով շտաբներ ստեղծելով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնել մայդաննների, Մարգարյանը պատասխանեց, թե դրանք ստեղծվում են հենց մայդաններից խուսափելու համար․ - «Եթե իշխանությունները իր վերջո համառորեն ակնհայտ հարցերը չեն լուծում, արդեն կարող է նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչները չկարողանան տիրապետել և գնա այդ ուղղությամբ: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել այդ հնարավորությունը՝ կառուցվածքային ձև տալով այդ շարժմանը»:

Պատգամավորը նաև հայտարարեց, թե եռյակը դեռ պետք է քննարկի` արտահերթ նախագակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրություններն է առաջնահերթ համարում. - «Որը որ հարմար կլինի քննարկման պահին, որովհետև դա ամեն օր փոխվող դինամիկա է: Նախապես ծրագրավորելու խնդիր չի»:

Մարգարյանը, ըստ էության, հերքեց իր գործընկեր` նույն խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի երեկվա հայտարարությունը: «Քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է... Մենք գտնում ենք, եռյակն է դա որոշում, որ այս փուլում պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային մայդանային իրավիճակներ չստեղծել», - «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր Մելքումյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք միայն արտահերթ ընտրությունների պահանջն է դրվում, թե, ելնելով ինչ-ինչ գործընթացներից, պատրաստվում են նաև հերթական ընտրությունների Ստեփան Մարգարյանն արձագանքեց․ - «Այս կամ այն պրոցեսը արագացնել կամ դանդաղեցնելը կախված չի շատ դեպքերում մեզնից: Սա կախված է՝ թե ինչպիսի արձագանք է լինում։ Հիմա արդեն, քանի որ եռյակին արդեն մի շատ կարևոր գործընկեր է միացել, դա Ազատության հրապարակի ժողովուրդն է, գլխավոր գործընկերը նա է դարձել, մեծ մասը որոշում է ինքը: Եթե զգաց, որ իշխանությունների կողմից ավելի վատ արձագանք է, քան թե, ասենք, պահանջներն էին, կարող է շատ ավելի այլ բաներ գնալ»:

Հիշեցմանը, որ հանրահավաքում ժողովուրդը քվեարկել է, որ լիդերները պետք է որոշեն, նա հակադարձեց․ - «Լիդերները եթե հանկարծ ժողովրդի տրամադրությունից դուրս եկան, իրենք հաջորդ օրը չեն լինի: Ժողովուրդն արդեն չի ընդունի, ժողովուրդը պիտի զգա, որ լիդերը իրեն ճիշտ է տանում»:

XS
SM
MD
LG