Մատչելիության հղումներ

Ծառուկյանը չի շտապում բացել խաղաքարտերը


Հստակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը կպահանջի՞ այս իշխանության հրաժարականը։

«Վաղը հանրահավաքին կգաք բոլորդ էլ, այնտեղ կլինեք և կլսեք ինչ ենք ասելու», - այսօր լրագրողների համառ հարցադրումներին ի պատասխան ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ հրաժարվելով մանրամասնել:

Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցում էր «Գագիկ Ծառուկյանի գավաթի» խաղարկությանը:

«Սահմանադրական պարտականությունները գիտակցելու համար իշխանությանն անհրաժեշտ է ժամանակ տալ», - լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

ԲՀԿ-ի հանրահավաքային գործընկեր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, մի քանի օր առաջ պնդում էր, թե եռյակը պատրաստ է Հանրապետականի հետ քննարկել միայն մեկ հարց՝ ինչպես անցնցում հանձնել իշխանությունը:

Արսենյանի համար, սակայն, իշխանությունների հեռացումը պահանջելը ամենապարզամիտ ճանապարհն է․ - «Դու գնում պահանջում ես՝ հեռացիր, իշխանությունն ասում է՝ չեմ հեռանում։ Դու պահանջեցիր, ինքն էլ ասաց՝ ոչ: Գնում ասում ես՝ ձեր աղջկան եկել ենք ուզելու, ում մոտ որ գնացել եք, ասում է՝ ես մեր աղջկան չեմ տալիս, օրինակի համար։ Այսինքն՝ դա պարզամիտ սխեմա է, և էդ պարզամիտ սխեման, չգիտես ինչու, հիմա ներդրվում է հասարակության ուղեղներում՝ որ չէ, պետք է անպայման գնալ ասել՝ հենց հիմա հեռացիր, ու դրանով հարցը կլուծվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Ազատության» հարցին, թե ինչու են կարծում, որ արդյունավետ աշխատելու՝ մինչև այժմ բազմիցս բարձրաձայնված կոչին իշխանությունն այս անգամ կարձագանքի, Արսենյանը արձագանքեց․ - «Ժամանակակից աշխարհում, երբ որ հռչակել ես, որ դու ժողովրդավարական պետություն ես, ժողովրդավարական պետությունը դա նշանակում է հաշվի նստել նաև ժողովրդի կարծիքի հետ: Ես կարծում եմ, որ ավելի ազդեցուցիչ է, ավելի ակնառու է դարձնում մեր կողմից առաջ քաշված խնդիրների հրատապությունը և կարևորությունը»։

Հարցին՝ նորից ժամանակ ե՞ք տալու իշխանություններին, Արսենյանն արձագանքեց․ - «Մենք պրակտիկ, պրագմատիկ գործողությունների կողմնակից մարդիկ ենք: Քաղաքականությամբ ենք զբաղվում: Մեզանից ոչ մեկը բացարձակապես չի ցանկանում ավիրել իր երկիրը․․․ մենք ստեղ ապրում ենք: Կարծում եմ, որ իշխանությունները, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, նույնպես չեն ցանկանում ավիրել իրենց երկիրը»:

«Բարգավաճ Հայաստան»-ի գործընկեր «Ժառանգություն»-ն ու Հայ ազգային կոնգրեսը երբեք չեն թաքցրել իշխանափոխության իրենց ձգտումները: Ինչպես հոկտեմբերի 10-ին, որտեղ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ մնաց ծրագրային ելույթից, այնպես էլ վաղը հիմնական ինտրիգը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքն է լինելու։

ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը չգիտի, թե արդյոք Ծառուկյանը կպահանջի այս իշխանության՝ մասնավորաբար Սերժ Սարգսյանի հրաժարականը․ - «Եղել է երեկ խորհրդակցություն երեքի միջև: Պլյուս դրան՝ նրանք կողմնորոշվելով տեղում էներգետիկայից, քանակից, մեզ հետ խորհրդակցելով, կարծում եմ, կհրապարակենք անելիքները: Այս պահին որևէ մեկը չգիտի վաղվա հանրահավաքի վերջին ակորդի հայտարարությունը կամ ծրագիրը: Ամեն մեկն իր մտքում ունի սցենար, բայց այդ սցենարը կհրապարակվի հանրությանը, կրկնում եմ՝ ելնելով քանակից, էներգիայից և մեր քննարկման արդյունքից, ինչպես նաև լիդերների որոշումից»:

Մանուկյանը կարծում է, որ վաղը պետք է հոկտեմբերի 10-ից «մեկ քայլ առաջ անել»: Ուղիներին, սակայն, ծանոթ չէ․ մեկ բան գիտի՝ իշխանափոխություն ուզում են բոլոր քաղաքական ուժերը․ - «Մենք ունենք խնդիր՝ չանել այնպես, որ հասարակությունը, մարդիկ հիասթափվեն, վստահաբար չենք հիասթափեցնի: Բայց նաև լիդերներին հանրահավաքը լիազորություն է տվել որոշելու քայլերի արագությունն ու թափը: Որովհետև պատասխանատվությունը շատ ծանր է՝ կատարել այնպիսի քայլեր, որոնք միանշանակ տանելու են հաղթանակի»:՚

XS
SM
MD
LG