Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ի կարծիքով, երկրում խնդիրները շատ են, բայց լուծումը իշխանափոխությունը չէ


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Հերմինե Նաղդալյանի պնդմամբ՝ Հանրապետականը պարտավորություն ունի՝ «քայլ առ քայլ լուծում տալ այդ խնդիրներին»։

Իշխող քաղաքական ուժի ղեկավարն անգամ ընդունելով, որ Հայաստանում խնդիրները բազմաթիվ են, և անգամ երեկվա՝ եռյակի հանրահավաքին մասնակցող մարդկանցից էլ շատ թվով մարդիկ են դժգոհում տիրող իրավիճակից, այսուհանդերձ, չի կարծում, որ այդ խնդիրների լուծման համար իշխանափոխություն է անհրաժեշտ։

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հակադարձելով ոչ իշխանական եռյակի՝ Ազատության հրապարակում երեկ անցկացրած հանրահավաքի ժամանակ հարթակից հնչեցրած իշխանափոխության կոչերին։

Նաղդալյանը շեշտում է, որ երկիրը կառավարող Հանրապետականn իր պարտավորությունն ունի՝ «քայլ առ քայլ լուծում տալ այդ խնդիրներին»։

«Էս պահի դրությամբ մենք որևէ բացառիկ իրավիճակ չունենք։ Ես չեմ կարծում, որ այսօր մեր երկրում իշխանափոխության համար հիմքեր կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը։

Նաղդալյանն իր դիտարկումն է անում եռյակի կողմից իշխանափոխության մոտեցումների տարբերության ու ընդհանրապես իշխանափոխության վերաբերյալ, ըստ էության, լուրջ չվերաբերվելով անգամ իշխանափոխություն բառի արտաբերման՝ եռյակի փորձերին՝ շեշտելով նաև, որ խնդիրներով հանդերձ Հայաստանում անգամ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել։

«Օրինակ, մենք ամեն տարի սկսում ենք մի երեք ամիս առաջ քննարկել՝ Օբաման կասի «ցեղասպանություն» բառը, թե՞ չէ, էս մյուսը էս ինչ բառը կասի, թե՞ չի ասի։ Իշխանափոխություն բառի մեջ ես որևէ բան չեմ տեսնում և, էլի եմ ասում, ընդդիմադիր ուժերի խնդիրը քննադատելն է և գործելն է բողոքական զանգվածի հետ», - ասաց Նաղդալյանը։

Ոչ իշխանական եռյակի երեք քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը մարզային հանրահավաքներից հետո երեկ երկրորդ համապետական հավաքն էին կազմակերպել Երևանում։

Չնայած հանրության որոշ շրջանակներ երեկվա հանրահավաքից ակնկալում էին իշխանափոխության հստակ գործողություններ, սակայն եռյակն այդպես էլ իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ և ժամանակացույց չներկայացրեց։ Մասնավորապես, Հանրապետականի նախկին դաշնակից «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ումից և ակնկալվում էր իշխանափոխության առաջիկա գործողությունների սցենարի մասին ելույթ, երեկվա հանրահավաքում խոսեց «եթե»-ներով, ասաց, թե իշխանափոխություն կպարտադրեն, եթե մերժվեն «համաժողովրդական շարժման» պահանջները։

«Հաշվի առնելով ժողովրդի ֆինանսական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները՝ մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները։ Սա է իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը։ Իսկ, եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք՝ երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և ավելի լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ։ Մեր գործն արդար է, Աստված պահապան մեր բոլորին», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Մինչդեռ Ծառուկյանի հետ նույն հարթակում գտնվող Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդեց իրենց դիրքորոշումը՝ «եռյակի օրակարգում Սերժ Սարգսյանի անհապաղ պաշտոնանկությունն է»:

«Մենք հայտարարել և այսօր էլ հայտարարում ենք, որ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ նախապես, բնականաբար, հիմնովին գրափոխելով Ընտրական օրենսգիրքը՝ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետև կբացառեն լայնածավալ և համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը։ Մենք գնալու ենք մինչև վերջ, այսինքն՝ մինչ սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի հստակ խոսեց՝ ներկայացնելով իշխանափոխության կոնկրետ ժամկետ. - «Գալ քաղաքական համաձայնության Հայաստանի փրկության համար, կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարություն, հրաժարական տալ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և ամբողջ իշխանություն, և ժողովրդի տևական, ամենօրյա ճնշման ներքո մինչև ապրիլի 24-ը կազմակերպել նախագահական և խորհրդարանական արտահերթ, արդար ընտրություններ»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով եռյակի կողմից իշխանափոխության գործընթացի վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումներին՝ նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանրահավաքներով իշխանափոխության փոխարեն, այսպես կոչված, ընդդիմության փոփոխություն է անում։

«2017-2018 թվականներին ընդառաջ առավել, ևս հունվարի 1-ից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, փորձ է արվում նաև, այսպես ասենք, վերցնել Ազատության հրապարակը և ընդդիմությունը տեսադաշտում։ Տեր-Պետրոսյանը իրականում ոչ այնքան իշխանափոխություն է անում, այլ փորձում է մասնակցել ընդդիմությունափոխությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Նման նպատակներ հետապնդող գործընթացը չի կարող հասարակության հիասթափությունը չառաջացնել, ասում է փորձագետը։

Հարցին, թե արդյո՞ք չխաբեց եռյակը իրեն հավատացողներին, Սաֆարյանը նշեց, որ եռյակի հավաքական ազնվության մասին խոսելն այս դեպքում աբսուրդ է՝ նրանցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի և միայն «Ժառանգության» առաջնորդն է առանձնանում իր հստակությամբ։

«Այս առումով թերևս ամենաանխոցելին Րաֆֆի Հովհաննիսյանն է, պետք է խոստովանել, որովհետև, համենայն դեպս, ո՛չ զանգվածային միջոցառումներին նախորդած շրջանում, ո՛չ էլ այդ հարթակում Րաֆֆի Հովհաննիսյանը երբևիցե չի վարանել խոսելու այն խնդրից, որը ինքը դրել է։ Եվ նաև պետք է խոստովանել՝ ինքը ոչ միայն միայնակ է այս դիրքորոշման մեջ, այլ, մեղմ ասած, անգամ փոքրամասնություն էլ չէ», - ասաց Սաֆարյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG